Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Մենք ըստ էության լիարժեք թևակոխել ենք նախընտրական փուլ, ավարտվել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության հայտ ներկայացնելու ժամկետը և ընտրությունների անցկացման քաղաքական պատասխանատվությունը կրում է մեր կառավարությունը: Մենք խնդիր ենք դրել անցկացնել երրորդ հանրապետության պատմության ամենաորակյալ և լավագույն ընտրությունները: Կարծում եմ՝ այս նշաձողը պետք է բարձրացնել, ոչ թե երրորդ հանրապետության լավագույն ընտրությունը պետք է անցկացնենք, այլ պետք է անցկացնենք միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան ընտրություններ: Այս առումով, ես ուզում եմ ընդգծել, երեկ Ազգային Ժողովում նույնպես ասացի, որ մենք պետք է բացառենք այս ընտրություններում վարչական ռեսուրսի կիրառումը:
Մասնավորապես, նախկինից հայտնի մի շարք ավանդույթներ, երբ այս օրերին, մասնավորապես, հանրակրթության ոլորտն ամբողջովին ներքաշվում էր քաղաքական և քարոզչական պրոցեսների մեջ, պետք է լիարժեքորեն բացառել: Պետք է բացառել և այս ընտրություններում արմատախիլ անել այն երևույթը, երբ վարչական լծակներն օգտագործվում են ընտրողներին այս կամ այն ուղղությամբ ուղղորդելու: Մեր ընտրություններում միշտ եղել է, չակերտավոր ասած, ասողների ինստիտուտը, ովքեր ասում են ում օգտին պետք է քվեարկել: Այդ երևույթը պետք է իսպառ բացառել, և ընտրողների որոշումները պետք է ձևավորվեն քարոզչական, քաղաքական բովանդակության արդյունքում: Ո՞րն է մեխանիզմը որևէ ընտրություն կատարելու, ո՞րն է ընտրողի ազատ կամարտահայտությունը. ընտրողը պետք է հետևի քարոզարշավին, քարոզչությանը, ներգրավվի, դառնա քաղաքական բովանդակության մասնակից և, ըստ այդմ, որոշում կայացնի, թե ում օգտին է ուզում քվեարկել»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: