«Թվերի հարցը շահարկվեց: Այո, թվեր էլ ենք ուզել, բայց թվերը չեն մեխը: Անընդհատ նախկին իշխանություններին հիշելով եւ թիրախավորելով՝ փորձում եք ծածկել այսօրվա խնդիրները»,-կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Նա այնուհետեւ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Տնտեսական բլոկում հին իշխանության կադրերն են, որոնք չեն հավատում, որ կարելի է հինգ տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ ունենալ, դրա համար ասել են, որ դուք կառավարության ծրագրում գրեք հինգ թիվը:
Սերժ Սարգսյանն էլ էր գրում հինգ…: Նրանք չունեն հեղափոխականների երազանքները: Դուք պետք է ազատվեք երկրորդ պլանի խաղացողներից, որոնք Սերժ Սարգսյանի ժամանակ փոխնախարարներ էին, օրինակ՝ տնտեսական զարգացման նախարարը, ֆինանսների նախարարը»:
Էդմոն Մարուքյանի խոսքով. «Նրանք չեն հավատում: Պարոն վարչապետ, չհավատալով՝ նրանք «տորմուզ» են լինելու ձեր բարեփոխումների համար:
Անվտանգության ոլորտում կրկին Սերժ Սարգսյանի ժամանակվա երկրորդ պլանի գործիչներն են այսօր: 12-13 մարդու կենսագրականները երբ նայում ես, հասկանում ես, որ հեղափոխության մասնակիցները թվով զիջում են Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանում եղած պաշտոնյաների թվին: Նրանք են ստիպել վարչապետին գրել, որ ակնկալվում է հինգ տոկոսանոց տնտեսական աճ»: