Սեւանում վեճն ավարտվել է դանակահարություններով. Մասնակցել է 12 մարդ. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Գեղարքունիքի մարզում, հունիսի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել . ժամը 22։50-ի սահմաններում «Սեւան» բժշկական կենտրոնից ոստիկանության Սեւանի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, կարճ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել նույն հիվանդանոցից, որ «կրծքավանդակի սալջարդ, պատի կտրած-ծակած թափանցող վերք, աջ արմնկափոսի ջլերի վերքեր, երակների վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել եւս մի քաղաքացի։

Որոշ ժամանակ անց դարձյալ ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի ծակած-կտրած թափանցող վերք», իսկ հետո՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել եւս 2 քաղաքացի։

Բժիշկները ոստիկաններին եւ քննիչներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն բացատրություն տալու։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քնինչները պարզել են, որ վիրավորներն են Զովաբեր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Նարեկ Մ-ն, Դդմաշեն գյուղի բնակիչ՝ 23-ամյա Տիգրան Շ-ն, Սեւան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Տիգրան Դ-ն եւ Սեւան քաղաքի բնակիչ՝ 21-ամյա Արսեն Ա-ն։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը, ժամը 21։30-ի սահմաններում Սեւան քաղաքի Շահումյան փողոցում գտնվող մանկապարտեզի հարակից տարածքում Սեւանի բնակիչ՝ 18-ամյա Ռոբերտ Ք-ն, Սեւան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Գոռ Ս-ն, Սեւան քաղաքի բնակիչ՝ 17-ամյա Նարեկ Կ-ն, Սեւան քաղաքի բնակիչ՝ 18-ամյա Էդգար Խ-ն, Սեւան քաղաքի բնակիչ՝ 20-ամյա Արթուր Խ-ն վիճաբանել են Նարեկ Մ-ի, Տիգրան Շ-ի, Տիգրան Դ-ի, Արսեն Ա-ի, Սեւան քաղաքի բնակիչներ՝ 21-ամյա Կամո Ս-ի, 23-ամյա Միքայել Վ-ի եւ ոմն «Աբուլի» հետ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վիճաբանության ընթացքում Գոռ Ս-ն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Տիգրան Շ-ին, որից հետո դանակով անկանոն շարժումներ կատարել։

Այդ ընթացքում Ռոբերտ Ք-ն էլ իր մոտ եղած դանակով հարվածել եւ մարմնի տարբեր մասերին մարմնական վնասվածքներ է պատճառել Նարեկ Մ-ին, ինչից հետո նույնպես շարունակել է հարվածներ հասցնել վիճաբանության մյուս մասնակիցներին։

Օպերատիվ ճանապարհով ձեռք բերված այս տեղեկությունները պարզվում են։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ-օպերատիվ-հետախուզական եւ քննչական համատեղ գործողություններ՝ վիճաբանության բոլոր մասնակիցների ամբողջական տվյալները պարզելու, հանցագործության գործիք հանդիսացող դանակները հայտնաբերելու ուղղությամբ։

Վիրավորներից 2-ը, որոնցից մեկը ծայրահեղ ծանր է, տեղափոխվել են Երեւանի հիվանդանոցներից մեկը, իսկ վիճաբանության պատճառը եղել է ծխելը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ