18+ սարսափ հեռուստասերիալ հայկական եթերում. առաջին լուսանկարները

 «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի եթերում փետրվարի 18-ից կմեկնարկի «Մահվան ջոկատ» կոչվող սարսափ ժանրի սերիալը։ 25 մասանոց նոր նախագծի ռեժիսորը Հարութ Շատյանն է, պրոդյուսերը` արա Բաղդասարյանը, որոնք հանրությանն են ներկայացրել նաև «Քավարան» և «Փրկեք մեր հոգիները» հեռուստասերիալները։ Այս անգամ որոշել են նոր նշաձող սահմանել։

 

Պրոդյուսերի խոսքով՝ նկարահանման ընթացքում հատուկ ուշադրություն են դարձրել դերասանական կազմի ընտրությանը, գրիմին ու նկարահանման տաղավարներին:

 

«Դժվարությունը, երևի թե, հսկայական ու բավականին ժամանակատար աշխատանքն էր, որը տևեց 4 ամիս և դեռ ընթացքի մեջ է: Մոտ 4 ամիս էլ ծախսել ենք սցենարական աշխատանքների վրա: Այս 10 ամսվա ընթացքում տիտանական աշխատանք է կատարվել, որը կարծում եմ՝ հեռուստադիտողը, կգնահատի»,- պատմում է Արան: «Մահվան ջոկատը» նախատեսված է 18 տարեկանից բարձր հեռուստադիտողի համար:

Խորհուրդ չի տրվում դիտել թույլ նյարդեր ունեցող մարդկանց, քանի որ սերիալում առկա են արյունոտ տեսարաններ: Արա Բաղդասարյանը հավատացնում է, որ սերիալը դիտելիս ամուր նյարդեր ունեցողներն էլ զերծ չեն մնա վախի մեջ մնալու զգացողությունից:

 

«Մահվան ջոկատ» պատմում է նախկին զինվորականներից կազմված մի ջոկատի մասին, որը գործուղվում է ահաբեկիչներին վնասազերծելու: Ջոկատը հայտնվում է մի իրավիճակում, որից միակ ելքը մեռնելն է, սակայն հերոսները պայքարում են իրենց կյանքի, երջանկության և ողջ մնալու համար: «Նախագիծը որակի նոր նշաձող է հայկական հեռուստաարտադրության մեջ»,- եզրափակեց Արա Բաղդասարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ