Էրդողանը բողոքել է Զելենսկիին՝ Պուտինի՝ Կիևի կողմից անօդաչու թռչող սարքեր գնելու առնչությամբ ճնշումներից. The Wall Street Journal

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպման ժամանակ, բողոքել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ Կիևի կողմից անօդաչու թռչող սարքեր գնելու առնչությամբ ճնշումներից։

Այս հաղորդում է The Wall Street Journal-ը՝ սեփական իրազեկ աղբյուրների խոսքերին հղումով։

Նշվում է՝ ապրիլին Զելենսկիի՝ Թուրքիա կատարած այցի ժամանակ Էրդողանը նրան ասել է, որ Ռուսաստանի Դաշնությունը զայրացած է Ուկրաինային թուրքական «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերի վաճառքից։ Ինչպես գրում է թերթը, Պուտինը, ենթադրաբար, սպառնացել է Թուրքիային երկարաձգել օդային երթևեկության արգելքը, եթե վերջինս չդադարեցնի թռչող սարքերի վաճառքը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի պաշտպանության կոմիտեի ղեկավարի տեղակալ Յուրի Միսյագինի խոսքով՝ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը օգնում են Ուկրաինային «զսպել ռուսական ագրեսիան» և կօգնեն «համապատասխան գործողություններ ձեռնարկել ռուսական արշավանքների դեպքում»։

Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև օդային երթևեկությունը դեռ չի վերականգնվել: Ռուսաստանն իր որոշումը հիմնավորել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածմամբ և ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակել է թռիչքները: Այնուամենայնիվ, լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանի Դաշնությունը երկարաձգել է երկրի հետ թռիչքների սահմանափակումները մինչև հունիսի վերջ:

Նշենք՝ 2019 թվականի հունվարին Ուկրաինան Թուրքիայի հետ համաձայնագիր էր ստորագրել ուկրաինական բանակի համար թուրքական «Բայրաքթար ՏԲ 2» անօդաչու թռչող սարքեր գնելու մասին: Կիևը բանակցություններ է վարում Թուրքիայի հետ ԱԹՍ-ների համատեղ արտադրության շուրջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ