ԱԺ-ում այսօր վարչապետի կողմից ՀՀ կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Նիկոլ Փաշինյանին փոխանցեց իրեն դիմած մանկավարժների եւ թոշակառուների մտահոգություններն այն մասին, թե երբ են բարձրանալու աշխատավարձերն ու թոշակները:
Մանկավարժների առնչությամբ Նիկոլ Փաշինյանը նշեց՝ որոշ ուսուցիչներ 30.000 դրամ աշխատավարձ են ստանում՝ այն դեպքում, երբ պետբյուջեից այդ հաստիքի համար նախատեսված է 120.000 դրամ:
«Բայց ուսուցիչը ստանում է 30.000 դրամ, որովհետեւ այդ հաստիքի վրա մի քանի ուսուցիչ է աշխատում»,-նկատեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց, որ կառավարության անելիքն այս հարցում լինելու է կադրերի արդյունավետ բաշխում ապահովելը. «Միայն հանրակրթական ոլորտում 12.000 ավելորդ հաստիք կա»:
Վարչապետը միաժամանակ շեշտեց, որ այս տարի 220 հազար մարդու աշխատավարձ ավելացվել է, բացի այդ՝ 250 հազարով ավելացվել է բուժհաստատություններում պետպատվերից օգտվողների թիվը. «Չարորակ ուռուցքները կվիրահատվեն անվճար»: