ՌԴ քաղաքացի Էդուարդ Մհերի Պողոսյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ իրավապահ մարմիններին:
Նա ֆեյսբուքյան իր էջում հրապարակմամբ հայտնել է, որ 1994 թվականի ապրիլի 16-ին իր հայրը սպանվել է գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդի, ՀՀ Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանի կողմից:
Նա հայտնել է, որ տարիներ շարունակ վախեցել են հայտնել ճշմարտությունը։
Tert.am-ի հետ զրույցում Էդուարդ Պողոսյանը հայտնեց, որ արդեն երկու օր է՝ իրավապահներից որևէ արձագանք չի ստացել, սակայն հույս ունի, որ իրավապահները տարիներ անց կարձագանքեն հանցագործությանը:
Էդուարդ Պողոսյանը, մասնավորապես, գրել է.
«ՀՀ վարչապետ, պարոն Նիկոլ Փաշինյանին
ՀՀ ԱԱԾ տնօրեն, գնդապետ Արթուր
Վանեցյանին
ՀՀ ոստիկանության պետ Վալերի
Օսիպյանին
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին
Հաղորդում հանցագործության մասին
Ես՝ Էդուարդ Մհերի Պողոսյանս, ծնվել եմ 1986 թվականի օգոստոսի 4-ին Էջմիածին քաղաքում:
Ներկայումս ապրում եմ Ռուսաստանի Դաշնության Կալինինգրադ քաղաքում, հանդիսանում եմ ՌԴ քաղաքացի:
Հայրս՝ Մհեր Վլադիմիրի Պողոսյանը, ծնվել է 1957 թվականի դեկտեմբերի 22-ին:
Ցավոք, 1994 թվականի ապրիլի 16-ին հայրս սպանվել է իր հարազատ քաղաքում՝ ոճրագործի արձակած գնդակից:
Հայրիկիս անժամանակ մահից հետո ես՝ մորս և երկու մանկահասակ եղբայրներիս հետ միասին, ստիպված ենք եղել լքել մայր հայրենիքը և մշտական բնակություն հաստատել Ռուսաստանի Դաշնությունում:
Հայրենիքը լքելու պատճառ է հանդիսացել իմ և իմ ընտանիքի անվտանգությանը անմիջականորեն սպառնացող վտանգը: