Ինչու են «Գորշ գայլերը» հրաժարվել Շուշիում դպրոց կառուցելու մտքից


Թուրքիայի «Ազգայնական շարժում» կուսակցությունը չեղարկել է Ադրբեջանի կողմից օկուպացված Շուշի քաղաքում դպրոցի կառուցումը։ Ադրբեջանի իշխանությունները նպատակահարմար չեն գտել ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորման (ԱՇԿ-ի զինված խմբավորումն է) նախագծած դպրոցի կառուցումը։

Ծրագրի չեղարկման մասին երեկ իր թվիթերյան էջով տեղեկացրել է Թուրքիայում իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության կոալիցիոն գործընկեր «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելին։

«2021 թվականի հունվարի 16-ին, Ղարաբաղի հաղթանակից հետո, սոցցանցերում արած հայտարարությամբ մենք «Իդեալիստների ակումբներ» [“Ülkü Ocakları”] կրթության ու մշակույթի հիմնադրամի նախաձեռնությամբ պարտավորվեցինք Շուշայում կառուցել ինը դասարանային դպրոց, որն իր ուրույն տեղը պետք է ունենար Ադրբեջանի մտավոր ու գեղարվեստական ​​կյանքում։ Այս համածիրում մենք պատրաստեցինք մեր նախագիծը և այն կիսեցինք հասարակության հետ: Մտածեցինք դպրոցը կոչել Ադրբեջանի ազգային օրհներգի հեղինակ, հանգուցյալ Օզեյիր Հաջիբեյլի անունով, ով ծնվել է Շուշայում: Մենք նախատեսում էինք 2021 թվականի հունվարի 30-ը` որպես դպրոցի բացման օր», – հիշեցրել է ծայրահեղական գործիչը։

Բահչելին նշել է, որ Ադրբեջանի վարչակազմը հավանություն չի տվել իրենց նախագծին ու պատրաստել սեփականը։ Թուրք գործիչն ասել է, որ Ադրբեջանի վարչակազմի «ամենաբնական իրավունքն է, և մեզ այլ բան չի մնում, քան հարգել նրանց»։

Ըստ «Գորշ գայլերի» առաջնորդի՝ «այս զարգացումների պատճառով «Ազգայնական շարժում» կուսակցությունը» հրաժարվել է դպրոցի նախագծից: «Դպրոցի կառուցմանն աջակցող մեր եղբայրների՝ օգնության ու նվիրատվության ներքո հավաքված գումարը կվերադարձվի առանց հապաղման ու նույն կերպ», – գրել է Դևլեթ Բահչելին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ