Կառավարության հիմնական խնդիրը համախառն ներքին արդյունքի կառուցվածքը փոխելն է այնպես, որ 5 տարի հետո մեր երկրի տնտեսության լոկոմոտիվը դառնան տեխնոլոգիաները և տեխնոլոգիական նորարարությունները, այսօր Ազգային ժողովի նստաշրջանի մեկնարկին, ներկայացնելով կառավարության 5-ամյա գործունեության ծրագրի նախագիծը, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Փաշինյանը կառավարության ծրագիրն Ազգային ժողովում ներկայացնում է արդեն երկրորդ անգամ. առաջին անգամ Ազգային ժողովի հին կազմն էր, իսկ այժմ Փաշինյանը ծրագիրը ներկայացնում խորհրդարանական նոր կազմին, որտեղ մեծամասնությունը իր թիմակիցներն են։
Վարչապետը հստակեցրեց՝ խոսքը տեղեկատվական, արտադրական, կրթական, գյուղատնտեսական, զբոսաշրջանային, բնապահպանական, անվտանգային, պաշտպանական տեխնոլոգիաների մասին է։
«Կարճ ասած, մարդկային բոլոր ընդունակություններից նոր Հայաստանի շարժիչ ուժը պետք է լինի առաջին հերթին մարդկային միտքը, ինտելեկտը նախաձեռնությունը։
Մեր խնդիրը պետք է լինի այն, որ, օրինակ, գյուղատնտեսության ոլորտում զբաղված մեր հայրենակիցները ավելի քիչ ֆիզիկական աշխատանք կատարեն և ավելի շատ մտավոր աշխատանք, գյուղատնտեսական արտադրանքի թողարկման համար ավելի քիչ ֆիզիկական ուժ կիրառվի և ավելի շատ մտավոր ուժ, տեխնոլոգիա», — հայտարարեց Փաշինյանը։