«Մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից». Նիկոլ Փաշինյան

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության ծրագրին հավանություն տալու հարցը: Ծրագիրը ներկայացնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նախքան ծրագիրը ներկայացնելը վարչապետը նշեց, որ 7-րդ գումարման ԱԺ նիստում առաջին անգամ է հանդես գալիս: Նա շնորհավորեց պատգամավորներին ընտրվելու կապակցությամբ:

«Ուզում եմ բոլորիս շնորհավորել անցած տարի դեկտեմբերի 9-ի ընտրությունների կապակցությամբ, որոնք բացառիկ էին, որովհետև տեղական և միջազգային դիտորդական առաքելությունները, միջազգային հանրությունն այդ ընտրությունները գնահատեցին որպես ազատ արդար մրցակցային և ժողովրդավարական: Նույն գնահատականը տվեց նաև հայաստանյան հանրությունը: Այդ ընտրություններն առաջինն էին, որի արդյունքները չվիճարկվեցին: Ունենք աննախադեպ լեգիտիմություն ունեցող խորհրդարան և կառավարություն»,- ասաց նա:

Իր ելույթում Փաշինյանը նշեց, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններով ավարտվեց հեղափոխության քաղաքական փուլը: «Երկրում տեղի ունեցած փոփոխությունները դարձան անշրջելի, սա չի նշանակում, թե Հայաստանում այսօր հաստատված քաղաքական համակարգն անթերի է և լրջագույն բարեփոխումների կարիք չունի: Սա նշանակում է, որ քրեաօլիգարխիկ նախորդ ռեժիմին այլևս վերադարձ չի կարող լինել: Առաջիկայում մեզ մնում է մեր հայրենիքն ազատել քրեաօլիգարխիկ և կոռուպցիոն կառավարման վերջին բացիլներից»,- նշեց նա:

Փաշինյանի խոսքով՝ 2018 թվականի դեկտեմբերի 9-ի ընտրությունները բացառիկ էին նաև իրենց բովանդակային իմաստով, որովհետև ՀՀ քաղաքացիներն առաջին անգամ ընտրում էին ոչ միայն խորհրդարան, այլև երկրի ղեկավարի լիազորություններով օժտված վարչապետ: «Հետևաբար ինձ համար մեծ պատիվ է, որպես «Իմ քայլը» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ քաղաքացիների վստահության քվեն ստանալը:

Ուզում եմ կրկին շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր քվեարկեցին «Իմ քայլի» և իմ օգտին, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր դեկտեմբերի 9-ին գնացին տեղամաս և իրենց քվեն տվեցին այլ քաղաքական ուժի:

Ինձ համարում եմ նաև մյուս քաղաքական ուժերի օգտին ընտրած, ինչպես նաև ընտրություններին չմասնակցած քաղաքացիների վարչապետ, ում առաքելությունը ծառայելն է պետությանը հայրենիքին և ժողովրդին»,- եզրափակեց նա:

Ազդարարում եմ տնտեսական հեղափոխության մեկնարկը. վարչապետ

Posted by Medianews on Tuesday, February 12, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ