Կանայք հիմա հրաշալի արդարացում ունեն շաբաթական երկու անգամ աղջիկներով հավաքվելու համար. նոր հետազոտության համաձայն՝ կանայք պետք է շաբաթական երկու անգամ հանդիպեն իրենց ընկերուհիներին ավելի առողջ լինելու համար։Հետազոտությունը անց է կացվել Օքսֆորդի համալսարանի գիտնականների կողմից։
Հոգեբան Ռոբին Դանբարը, որն այս հետազոտության հեղինակն է, պնդում է, որ կնոջ ինքնազգացողությունը բարելավվում է, երբ նա շաբաթական երկու անգամ հանդիպում է իր լավագույն չորս ընկերուհիների հետ և գարեջուր խմում, բամբասում, իրենց հուզող թեմաներ քննարկում։ Այս ամենը կանանց դրական լիցքեր է հաղորդում։
Նշվում է, որ այս հանդիպումներն օգնում են արագ վերականգնվել հիվանդություններից հետո, բարձրացնել իմունային համակարգը, նվազեցնել լարվածությունը։ Հետազոտության համաձայն՝ կանայք շփվում են զվարճալի մեկնաբանություններ անելով, կատակելով և խոսելով այնպիսի բաների մասին, որոնք ծիծաղեցնում են իրենց, սակայն այստեղ շատ կարևոր գործոն է նաև խմբի չափսը։Փոքր խմբերում ծիծաղելն ավելի էֆեկտիվ է։
Բայց երբ խումբը գերազանցում է հինգ հոգին, զվարճալի իրավիճակները, որոնց դեպքում արտադրվում են երջանկության համար անհրաժեշտ էնդորֆինները, ավելի քիչ հավանական են դառնում։ Այդ պատճառով խորհուրդ է տրվում հավաքվել առավելագույնը չորս հոգով։
«Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանայք, հնարավոր է ավելի շատ, քան տղամարդիկ, պետք է պահեն այդ կապերը։ Դրանք բարձրացնում են սերոտոնինի և օքսիտոցինի մակարդակը արյան մեջ»,– ասում է հետազոտող խմբի անդամներից հոգեբան Ալիսա Ռուբի Բաշը։