«Հումորը ամենակարևոր բաղադրիչներից է մեր կյանքում: Երբեք չեմ հասկացել անհումոր մարդկանց: Պետք է մի փոքր թեթև ապրել,-ասաց նա և բացահայտեց իր պատկերացմամբ կանացի գրավչության գաղտնիքը,-Կանացի գրավչության գաղտնիքը ինտելեկտն է: Այն կա՛մ լինում է, կա՛մ չի լինում, ուրիշ տարբերակ չկա»: Կյանքում հումորով, էկրաններին՝ նույնպես:
Սոնան ավելացրեց, որ հումորային ժանրում ուժերն առաջին անգամ էր փորձում Womens Club-ում: «Բավականին հեշտ ադապտացվեցի և բավականին արագ այս ձևաչափն իմը դարձրեցի,-նկատեց նա, ապա մանրամասնեց, թե ինչպես է գործը գլուխ բերվում մի տեղ, որտեղ մեծմասամբ կանայք են,- Կարծում եմ՝ էական տարբերություն չկա հավաքված են կանայք թե տղամարդիկ. առողջ միջավայրում միշտ էլ լինում են տարաձայնություններ, քննարկումներ, որոնք միայն օգուտ են տալիս գործին: Մենք բոլորս հավաքվել ենք մի ընդհանուր գործի շուրջ ու այն ամենը, ինչ ասվում է խմբի ներսում միմիայն գործի համար է ասվում»:
Անդրադառնալով քննադատություններին՝ մասնավորապես գռեհիկ ու երբեմն սանձարձակության հասնող հումորներ ներկայացնելու մեղադրանքներին, դերասանուհին այսպես արձագանքեց. «Փառք Աստծո, բոլորս ունենք ընտրության հնարավորություն, բոլորիս տներում էլ կան հեռակառավարման վահանակներ. Եթե դուր չի գալիս, ուղղակի պետք չէ նայել: Այդքանը կարող եմ ասել»: