ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը կարծում է, որ կառավարության ծրագիրը զգուշավոր ծրագիր է:
Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Բաբկեն Թունյանը: Ըստ Թունյանի՝ կառավարությունն առնվազն հինգ տոկոսանոց տնտեսական աճ է կանխատեսում այս ծրագրով:
«Իմ կարծիքով՝ իրատեսկան ծրագիր է, մի քիչ կարելի է ասել՝ զգուշավոր: Կարելի էր մի քիչ ավելի համարձակ քայլերի գնալ, բայց ունենք այն, ինչ ունենք: Հույս ունեմ, որ այդ հարցերի պատասխանները վաղը կառավարության անդամներից ինքներս կլսենք»,- ասաց նա:
Նա համաձայնեց, որ կառավարության ծրագրում թվերը քիչ են: Ասաց, որ հստակ չափանիշ էլ չկա, թե քանի թիվ պետք է լինի: «Ես կնախընտրեի, ոորպեսզի այդտեղ ավելի շատ թվային տվյալներ լինեին, բայց եղած թիրախներն ամենաառանցքայիններից են, օրինակ, ՀՆԱ-ի տարեկան աճի թիվը ամենաառանցքային ցուցանիշներից մեկն է:
Ներդրումների կշիռը ՀՆԱ-ի մեջ նույնպես կարևոր ցուցանիշ է: Բացի այդ, մեր նախընտրական ծրագրից թվային թիրախներ են աղքատության կրճատում տասը տոկոսով, գործազրկության կրճատում՝ հինգ տոկոսային կետով:
Այս ամբողջ համախումբը եթե նայում ենք, ինքը բավարար է, որպեսզի հետո հասարակությունը հասկանա՝ մենք մեր առջև դրված խնդիրները կատարել ենք, թե ոչ»,- ասաց նա: