Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը հայտարարել է 2020 թվականին Արցախում կայանալիք նախագահական ընտրություններում առաջադրվելու նպատակով քաղաքական կոնսուլտացիաներ սկսելու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Վիտալի Բալասանյանն այդ մասին հայտնել է «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում:
«Առաջիկա օրերին պատրաստվում եմ հանդիպումներ սկսել խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, ակտիվ անհատների հետ, ինչպես նաև այցելել համայնքներ և հանդիպել մեր քաղաքացիների հետ՝ նրանց հետ քննարկելու 2020թ.-ին հանրապետությունում կայանալիք նախագահական ընտրություններին՝ որպես նախագահի թեկնածու իմ առաջադրվելու նպատակահարմարությունը:
Ես արդեն հայտարարել եմ, որ առաջադրվելու դեպքում պետք է ունենամ ժողովրդի լայն հավանությունը, ուստի տրամաբանական եմ համարում նախևառաջ հանրային այսօրինակ քննարկումների ծավալումը»,- ասել է Բալասանյանը:
Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղարի խոսքով՝ մասնակցելով 2012թ.-ին նախագահական, ապա և 2015թ.-ին խորհրդարանական ընտրություններին՝ ինքը ներկայացրել է երկրի առաջ ծառացած սոցիալ-տնտեսական և անվտանգությանը վերաբերող բազմաթիվ ծրագրեր, որոնց մի մասը այսօր էլ կենսական ու հրատապ են:
«Հանրային քննարկումների ընթացքում կներկայացնեմ ինչպես այդ, այնպես էլ նոր ծրագրեր ու գաղափարներ: Ժողովրդի կողմից կլինի լայն հավանություն և աջակցություն, ուրեմն, անկասկած, կառաջադրվեմ ու կպայքարեմ նախագահական մրցապայքարին»,- իր խոսքը եզրափակել է Վիտալի Բալասանյանը: