Կապույտ կետը կետանմանների կարգին պատկանող ծովային կաթնասուն է: Ներկա պահին այն աշխարհի ամենախոշոր արարածն է և, հնարավոր է, ամենամեծն է երկրագնդի ողջ պատմության ընթացքում: Կապույտ կետի մարմնի երկարությունը կարող է հասնել 33 մետրի, իսկ քաշը գերազանցում է 150 տոննան: Էգերն ավելի խոշոր են, քան արուները: Կապույտ կետերն ապրում են 2-5 առանձնյակից բաղկացած խմբերով կամ, որ ավելի հաճախ է պատահում, միայնակ:
Կապույտ կետի երկար և բարեկազմ մարմինը կարող է ունենալ կապույտի տարբեր երանգներ՝ վերին հատվածում մոխրակապտավունից մինչև ստորին հատվածի ավելի բաց երանգներ։
Գոյություն ունի նվազագույնը երեք ենթատեսակ՝ Հյուսիսային Ատլանտիկի և Հյուսիսային Խաղաղի B. m. musculus, Հարավային օվկիանոսի B. m. intermedia և Հնդկական օվկիանոսում ու Հարավային Խաղաղ օվկիանոսում հայտնաբերված B. m. brevicauda (հայտնի է նաև որպես գաճաճ կապույտ կետ)։
Մեկ այլ ենթատեսակ կարող է համարվել Հնդկական օվկիանոսում հայտնաբերված B. m. indica-ն։ Այլ բեղավոր կետերի պես կապույտ կետի սննդային ռացիոնը հիմնականում ևս բաղկացած է մանր խեցգետնանմաններից։
Երկրագնդի գրեթե բոլոր օվկիանոսներում կապույտ կետերը լայնորեն տարածված էին մինչև 20-րդ դարի սկիզբը։
Գրեթե մեկ դարի ընթացքում նրանց քանակը հասավ ոչնչացման մակարդակի՝ կետորսների անընդհատ որսերի պատճառով, մինչև 1966 թվականին միջազգային համայնքը ձեռնարկեց նրանց պաշտպանությունը։
2002 թվականի հաշվետվության համաձայն՝ ամբողջ աշխարհում կապույտ կետերի քանակը 5 000-ից 12 000 էր կազմում՝ խմբավորված նվազագույնը 5 խմբերում։