Գյումրիում սկսվեց «Դիստրիկտ» էկոթաղամասի հիմնադրման մեկնարկը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը Գյումրիում մասնակցեց «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության նոր գրասենյակի բացման արարողությունը և այդ կազմակերպության ամենամեծ նախագծի՝ «Դիստրիկտ» նախաձեռնության մեկնարկին:

Այստեղ կգործեն հայ-չինական կենտրոն, նորագույն ստարտափ ընկերություններ, կլինեն թեթև արդյունաբերության գոտի, բնակելի, գյուղատնտեսական, արվեստի և սպորտի հատվածներ, արևային պանելների այգի եւ փոքր հյուրատներ։

Նախագծի առաջին փուլը տևելու է 3 տարի և կատարվելու է շուրջ 20 մլն ԱՄՆ դոլար ներդրում:

«Դիստրիկտն» իր տեսակի մեջ կլինի առաջին բնակելի թաղամասը, որը եզակի տեխնոլոգիայի վրա հիմնված ձեռնարկատիրական էկոհամակարգ է և խթանում է նորարարությունը, ապահովում է իր բնակիչների պատշաճ և կայուն ապրուստը և ունի դրական սոցիալ-տնտեսական և էկոլոգիական ազդեցություն Գյումրու վրա։

Ես հավատում եմ, որ Գյումրին կարող է դառնալ հրաշալի տեղ ապրելու, աշխատելու և ստեղծագործելու համար։ Բոլորը գիտեն, որ գյումրեցիները տաղանդավոր, ստեղծագործ մարդիկ են, և ես իմ առաքելությունը տեսնում եմ մարդկանց այդ հզորությունը և էներգիան պարգևելու մեջ, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս լավ ստեղծագործել և արարել»,-ասաց Վահան Քերոբյանը:

«Դիստրիկտ» հիմնադրամի տնօրեն Գայանե Առաքելյանը նշեց, որ ծրագրի կարևոր նպատակներից է նաև կասեցնել Գյումրիից տաղանդավոր մարդկանց հոսքի և արտագաղթի խնդիրը․ «Եթե մարդիկ այստեղ ունենան գեղեցիկ միջավայր հասանելի, դինամիկ զարգացող, տնտեսապես կայուն և, իհարկե, ստեղծարար, հետևաբար նրանք չեն ուզենա այստեղից հեռանալ»։

«Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերության համահիմնադիր Թոդդ Ֆաբաքերի խոսքով՝ այս նախաձեռնության շնորհիվ հնարավորություն կընձեռնվի երիտասարդ կադրերի և առաջատար մասնագետների համար բացել նոր աշխատատեղեր։ Ըստ նրա՝ այն լինելու է ոչ միայն էկո, տեխնո միջավայր, ալև այն համապատասխանելու է ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակներին։

«Այսինքն մեր տարածաշրջանում իր տեսակի մեջ յուրահատուկ թաղամաս է լինելու, անկրկնելի մի վայր, որտեղ ՄԱԿ-ի կայուն զարգացման բոլոր 17 նպատակներն իրենց ուրույն դրսևորումը կունենան։ Մեր գաղափարներով մենք կփորձենք հասնել այդ նպատակներին, որպեսզի ամբողջ աշխարհը հետաքրքրված լինի գալ, տեսնել, ներդրումներ անել, հիմնել ձեռնարկություններ, զարգացնել կադրեր, ստեղծել լավ աշխատուժ և այդ մադկանց պահել մարզում»,- նշեց Թոդդ Ֆաբաքերը։

Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք կիրականացվեն այս ծրագրի շրջանակներում, ուղղված կլինեն 5 նպատակերի պատշաճ իրագործմանը՝ «Բարեկեցիկ քաղաք», «Կանաչ քաղաք», «Ինտեգրված քաղաք», «Ստեղծագործ քաղաք» և «Տեխնոլոգիական քաղաք»: Ծրագրի իրականացման համար ընտրված տարածքը տեղակայված է Գյումրիի արևմտյան մասում՝ Բուլվարային և Մուշ թաղամասներին հարակից՝ քաղաքի կենտրոնից 10 րոպե հեռավորության վրա, Սև ամրոց, Պայտաձև ամրոց, Մայր Հայաստան զբոսաշրջային նշանակության օբյեկտներին կից։

Այստեղ տեղակայված կլինեն «Թվային մետաքսի ճանապարհ» հայ-չինական կենտրոնը և Գյումրիում ստեղծված նորագույն ստարտափ ընկերություններ՝ տեղի երիտասարդներին աշխատանք առաջարկելու, նրանց գնողունակությունը բարձրացնելու և հարկեր գեներացնելու համար՝ մեծապես նպաստելով քաղաքի տնտեսության աճին։

Բացի այդ, այստեղ կլինեն թեթև արդյունաբերության գոտի, գյուղատնտեսական հատված, կանաչ գոտի, բնակելի հատված, սպասարկող կառույցներ, արևային պանելների այգի, արվեստի և սպորտի հատված, փոքր հյուրատներ։

«Դիստրիկտ» նախագիծը մշակվում է և իրականացվելու է Գյումրիի քաղաքապետարանի և պետական մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ նպաստելով Հայաստանում մասնավոր և հասարակական ենթակառուցվածքների համագործակցության զարգացմանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ