Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել երեւանյան բիլիարդ ակումբի օպերացիայից եւ տեսանյութ տարածել: Ոստիկանության հաղորդագրության մեջ նշվում է.
«Փետրվարի 8-ի երեկոյան, Էրեբունու ոստիկանության քրեական հետախույզների՝ օրեր տեւած ծավալուն եւ բազմակողմանի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ պարեկապահակետային գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողների համագործակցությամբ, Էրեբունի վարչական շրջանի տարբեր հատվածներից եւ Մաշտոցի պողոտայից բաժին բերման ենթարկվեցին 8 անձինք։
Հունվարի 21-ին, երկու անձ մարմնական տարբեր վնասվածքներով՝ այդ թվում կտրած-ծակած վերքերով, տեղափոխվել էին Էրեբունի բժշկական կենտրոն։
Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ էին ստացվել, որ հունվարի 20-ին, ժամը 23-ի սահմաններում, մի խումբ անձինք, բիլիարդի ակումբում կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, ինչը զուգորդվել էր ակումբի գույքը վնասելով, բռնության, սուր կտրող-ծակող առարկա եւ ատրճանակ գործադրելով։
Նույն օրը հարուցվել էր քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, խուլիգանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով։