Երկու տարեկան Էրիկ Հախնազարյանը կարիք ունի դիետիկ հատուկ սննդի, որի արժեքը ամսական 80 հազար դրամ է կազմում: Նրա հոր` Գեւորգ Հախնազարյանի խոսքերով` 2-ամյա Էրիկը երկու շաբաթ է` անհրաժեշտ կերը չունի, որ ուտի: Էրիկի մոտ ախտորոշվել է ցելիակիա (անբավարար փարթամություն, անեմիա):
Փոքրիկի առողջական վիճակը գնալով վատանում է: Նշենք, որ Գեւորգ Հախնազարյանն ապրում է ՀՀ Արարատի մարզի Արարատ քաղաքում:
«Ժողովուրդ» օրաթերթին դիմած Գեւորգը պատմեց, որ վերջին տարիներին արտագնա աշխատանքի է մեկնում, բայց երեխայի առողջական վիճակի վատացման պատճառով հետ է եկել:
Հախնազարյանի ընտանիքն այլեւս գումար չունի Էրիկի համար անհրաժեշտ կերը եւ դեղերը գնելու համար: «Ես կերի համար դիմել եմ բազմաթիվ տեղեր եւ ստացել մերժում»,- պատմեց Գեւորգը: Նրա դիմումին ի պատասխան` Առողջապահության նախարարությունից արձագանքել են հետեւյալը.
«ԱՆ-ն մանկական կերերի կենտրոնացված կարգով գնում չի իրականացնում, չի ստանում նաեւ որպես մարդասիրական օգնություն, ուստի այն ձեր երեխային տրամադրել չի կարող»:
Ապա հորդորել է դիմել պոլիկլինիկա, քանի որ դեղերի դուրսգրումն իրականացվում է` «ՀՀ հիմնական դեղերի ցանկին համապատասխան»: Արարատի քաղաքապետարանը եւս չի օգնել դժվարին կացության մեջ հայտնված ընտանիքին` պատճառաբանելով, որ գումար չկա
: Փոխարենը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն իրեն եւ իր ենթականերին խոշոր գումարով պարգեւատրում է: Թե որ արժանիքի համար, անհայտ է: Իսկ, ահա, նախագահի աշխատակազմից արձագանքել են` նշելով.
«Ըմբռնումով ենք մոտենում Ձեր խնդրին, բայց 2019 թվականի բյուջեով այդ նպատակի համար միջոցներ չկան»: Ապա դիմումը հասցեագրվել է Առողջապահության նախարարություն:
տեսանյութը՝ armlur.am