Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հինգշաբթի վկայի կարգավիճակով հարցաքննվել է Հատուկ քննչական ծառայությունում մարտի 1-ի քրեական գործի շրջանակում, հայտնել է Առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը:
«Հարցաքննությունը տևել է 1.5 ժամ»,– գրել է նա իր Facebook–ում։
Նշենք` ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ նույն գործով հարցաքննվել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա ավելի վաղ՝ 2018 թվականի հուլիսի 26-ին, մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: