Ֆուտբոլի դպրոցական առաջնության ժամանակ պապի հրացանով կրակոց արձակածը ներկայացել է բաժին

Ապրիլի 22-ին Ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ բաժին է ներկայացել 33-ամյա Վարշամ Հովսեփյանը։ Վերջինս կասկածվում է ապրիլի 18-ին Թումանյան քաղաքում տեղի ունեցած ֆուտբոլային միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ խուլիգանություն կատարելու, իր մոտ եղած որսորդական հրացանով 2 անգամ օդ կրակելու համար, գրում է Shamshyan.com–ը։

Ըստ աղբյուրի՝ Վ. Հովսեփյանը ոստիկաններին է ներկայացրել նաև իր հանգուցյալ պապու անվամբ հաշվառված 16 մմ տրամաչափի երկփողանի ողորկափող որսորդական հրացանը։

Ավելի վաղ աղբյուրը գրել էր, որ Թումանյան քաղաքի մարզադաշտում ֆուտբոլի միջհամայնքային դպրոցական առաջնության ժամանակ 33-ամյա Վարշամ Հովսեփյանը «անհիմն» վիճաբանել էր առաջնությանը ներկա մի խումբ անձանց հետ, ցավագին ընդունել ներկաների դիտողությունները և «դրսևորելով ցինիզմ, ինչպես նաև իր անձի առավելությունը ցուցաբերալու նպատակով տարբեր անձանց հասցեներին մոտ 20 րոպե տևողությամբ բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ», որից հետո կարճ ժամանակով հեռացել, ապա երկփողանի որսորդական հրացանով վերադարձել էր մարզադաշտ, 2 անգամ կրակել օդ, խախտել հասարակական կարգը, հասարակության նկատմամբ դրսևորել բացահայտ անհարգալից վերաբերմունք և հեռացել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ