Հիմնադրամն արդեն փոխհատուցել է զոհված 2104 զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմանդրամն արդեն փոխատուցել է 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 2104-ի ընտանիքներին: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած աշխատանքային քննարկման ընթացքում գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը հայտարարեց, որ զոհված 3039 զինծառայողի գործ են ուղարկվել հիմնադրամ: 2500-ի մասով փոխհատուցման որոշում է կայացվել:

Ալեքսանդր Ավետիսյան, ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով վարչության պետ — Այսօրվա դրությամբ էլ, ցավոք, ունենք անհայտ կորած անձինք, որոնց կարգավիճակը հայտնի չէ՝ գերի են, զոհված են, միգուցե անձինք կան, որ պատահական են հայտնվել այդ ցուցակում: Նաև Կառավարության կողմից որոշում կայացվեց «Կամուրջ» ֆինանսավորմամբ պիլոտային ծրագիր կիրականացվի և անհայտ կորածների ընտանիքների անդամներին, ովքեր դեռ չունեն համապատասխան կարգավիճակ, կվճարվի 300 հազարական դրամ:

Պաշտպանության նախարարությունն ի սկզբանե կազմել էր անհետ կործաների 1070 գործ, հետագայում պարզվել է, որ նրանցից ոմանք արդեն տանն են, մյուսները՝ զորամասում: Այս պահին հիմանդրամում կա անհետ կորածների 556 գործ: Նարեկ Զեյնալյանը հայտարարեց, որ զոհվածների և տուժածների ընտանիքները փոխհատուցումներն ստանալու ընթացակարգերին ծանոթ չեն և պարբերաբար իրենց հանձնաժողովին են դիմում:

Նարեկ Զեյնալյան, ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ — Իրենք արդյո՞ք պետք է դիմեն ինչ-որ տեղ, թե՞ իրենց հայտնաբերելը և փոխհատուցելը ձեր գործառույթների մեջ է: Սա, խնդրում եմ, ներկայացրեք:

Ալեքսանդր Ավետիսյան — Զոհված-մահացածի պարագայում իրենց գտնում են: Այսինքն՝ խնդիրը դրված է, ՏԿԵ նախարարությունը մեզ աջակցում է: Հաշմանդամների առումով, տեսեք, ինչն է հարցը: Նախկինում արդեն հաշմանդամություն են ունեցել, հիմա նորից անհրաժեշտ է իրենց ամբողջ փաստաթղթաբանությունը, մենք բավականին լուրջ պրոբլեմ ունենք և Գլխավոր շտաբի պետին գրություն ենք ուղարկել: Հիմա զորամասերը պարբերաբար մեզ են ուղարկում վիրավոր զինծառայողների մասին տեղեկություններ:

Ովքեր դիմել են, թող նորից դիմեն, տվյալները թարմացվում են՝ ասաց Ավետիսյանը: «Իմ քայլից» Արմեն Խաչատրյանն էլ առաջարկեց ստեղծել մեկ ընդհանուր մարմին, օպերատիվ արձագանքման խումբ, որը կպատասխանի անհետ կորածների հարազատների բոլոր հարցերին:

Արմեն խաչատրյան, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր — Այսօր հատկապես ծնողները փորձում են առանձին պաշտոնյաների տեսնել, հանդիպումներ պահանջել: Իրենք էլ չեն կողմնորոշվում, թե որ հարցն ում ենթակայության ու իրավասության տակ է: Կարծում եմ՝ խիստ անհրաժեշտ է ունենալ մեկ մարմին:

Անդրանիկ Քոչարյանն ու Ալեքսանդր Ավետիսյանը արձագանքեցին, թե առաջարկը պաշտպանության նախարարության բարեփոխումների տրամաբանության մեջ է: Քննարկմանը մասնակցող «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ղեկավարը բարձրաձայնեց՝ Գերությունից վերադարձած ժամկետային զինծառայողին նորից զորակոչել են բանակ: Այն, որ սա բարդ հարց է և գործող օրենքը չի արգելում դա, գիտեմ՝ ասաց:

Էդգար խաչատրյան, «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ — Բայց ի՞նչ մոտեցումներ կան, որ նախատեսվում են, որպեսզի նման գործողությունները կանխվեն: Շատ բարդ հարց է, լուծումներն այլ տեղ են:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանին էլ ահազանգել են, թե կորոնավիրուսով վարակված զինվորին շարունակել են զորամասում պահել: Տվյալներն ասեք, նման դեպքերն անարձագանք չեն մնա՝ պատասխանեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ