Սյունիքի միջադեպի վտանգավոր արձագանքները. Ով է կրակել գիշերը

«ՌԻԱ Նովոստի»-ն հայտնում է Ադրրբեջանի սահմանապահ ծառայության տարածած տեղեկության մասին, ըստ որի, ապրիլի 21-ի գիշերը միջադեպ է եղել հայ-ադրբեջանական սահմանին, Զանգելանի ուղղությամբ: Ընդ որում, ըստ ադրբեջանցիների հաղորդագրության, կրակոցներ են հնչել թե իրենց սահմանապահ ուղեկալի, թե այդ գոտում գտնվող ՌԴ սահմանապահ ուղեկալի ուղղությամբ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուս սահմանապահներն են դիմել իրենց և նշել, որ միջադեպը՝ կրակոցները, ինչ-որ հարբած անձանց գործ են և պետք չէ լարվածություն ծավալել: Ադրբեջանցիները հայտնում են, թե անսալով ռուս սահմանապահների կոչին մնացել են զուսպ: Այս տեղեկատվությունը խիստ ուշադրության է արժանի նախօրեին կեսօրին Սյունիքում ծավալված իրադարձությունների հետ, երբ վարչապետ Փաշինյանի այցը ուղեկցվել է մարդկանց մի խմբի բողոքի՝ ըստ էության խուլիգանական ակցիայով, որն իր հերթին Հայաստանի արմատական ընդդիմության կամ նախկին կառավարող համակարգի հետ ասոցացվող շրջանակներում արժանացել է քարոզչական լայն շարունակության:

Այդ ամենի ֆոնին էլ հնչում է տեղեկություն գիշերային միջադեպի մասին: Վարչապետ Փաշինյանը նախօրեին հանձնարարեց իրավապահներին կոշտ արձագանքել Սյունիքի խուլիգանական բողոքի իրողության հանդեպ: Նույնքան հստակ հանձնարարական պետք է տրվի թերևս գիշերային միջադեպի հանգամանքները պարզելու համար, որպեսզի հասկանալի լինի՝ որևէ ուժ փորձել է օգտվե՞լ Սյունիքի շուրջ ստեղծված աղմուկից և այսպես ասած «ձուկ որսալ» պղտոր ջրում, թե՞ ինքնին այդ միջադեպը եղել է ցերեկային աղմուկի գիշերային շարունակություն:

Ակնառու է մի բան, ինչի մասին խոսել են նախօրեին հրապարակված հոդվածում: Սյունիքի հետ կապված հարցերը Հայաստանում պետք է լուծվեն բացարձակ բովանդակային միջավայրում, առանց որևէ բախում և ապակայունացում ենթադրող գործելաոճի: Սյունեցիների մտահոգություններն ու անհանգստությունը նոր իրավիճակի և իրադրության հետ կապված, միանգամայն հասկանալի և օբյեկտիվ է, բայց այդ մտահոգությունը չպետք է դառնա որոշակի խմբային և անձնական այլ քաղաքական հարցեր լուծելու առիթ, որի հետևանքով սյունեցիների մտահոգությունը ոչ միայն չի փարատվի, այլ գործնականում կստանա սրվելու նոր առիթներ: Ըստ այդմ, անկայունությունը Հայաստանում, և մասնավորապես Սյունիքում, պարզապես կարող է պարարտ հող ստեղծել Թուրքիայի և Ադրբեջանի համար այն բարդ քննարկումներում,որոնք նրանք ակնհայտորեն ունեն Ռուսաստանի հետ՝ ռեգիոնալ նոր ստատուս-քվոյի ամրագրման համար դիմակայությունում, ակնհայտորեն փորձելով օգտագործել Ռուսաստանի որոշակի աշխարհաքաղաքական ռեսուրսային թուլությունները և զգայունությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ