Արցախին 10 տարվա ընթացքում ամեն տարի 10 մլրդ դրամ աջակցություն կտրամադրվի

Կառավարության որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության կառավարությունների միջև կկքնվի համաձայնագիր, որով Հայաստանը 10 տարվա ընթացքում կհատկացնի տարեկան լրացուցիչ մինչև 10 մլրդ դրամ՝ պատերազմի հետևանքով նյութական վնաս կրած ֆիզիկական և իրավաբանական անձանց պետական ֆինանսական աջակցության նպատակով։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Համաձայն Արցախի Հանրապետության կառավարության որոշման՝ շահառուի գույքի՝

հասարակական և արտադրական նշանակության շենք-շինությունների,

մարդատար ավտոմեքենաների,

բեռնատար ու 9 և ավելի նստատեղ ունեցող մարդատար մեքենաների, շինարարական և գյուղատնտեսական տեխնիկայի,

հիմնական և շրջանառու միջոցների,

մսատու և կաթնատու կովեր ու մեղվափեթակների,

պտղատու այգիների փաստացի կորստի դիմաց պետական ֆինանսական աջակցությունը կտրամադրվի դրամական օգնության ձևով և/կամ գանձապետական տարեկան 10% եկամտաբերությամբ և մարման 5 տարի ժամկետով հասարակ մուրհակների տրամադրմամբ:

Աջակցության գումարի մինչև 5 միլիոն ՀՀ դրամը կտրամադրվի դրամական օգնության ձևով, իսկ 5 միլիոն ՀՀ դրամը գերազանցող մասը՝ մուրհակների տրամադրմամբ, որոնց թողարկումը, տրամադրումը, շրջանառությունը, հաշվառումն ու մարումը իրականացվելու է Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Արցախի Հանրապետության տարածքում գործարար ծրագրի իրականացման, հարկային, վարկային և այլ կրեդիտորական պարտավորությունների կատարման դեպքերում մուրհակը կարող է մարվել մինչև ժամկետի լրանալը:

Կառավարության որոշման համաձայն՝ եթե ծրագրի շահառուին տրամադրվել է նաև պետական աջակցություն վարկային պարտավորությունների կատարման համար, ապա այս միջոցառման շրջանակում աջակցությունը կտրամադրվի գույքի կորստի գնահատված չափի և վարկային պարտավորությունների համար տրամադրված աջակցության դրական տարբերության դեպքում՝ միջոցառմամբ սահմանված չափերով:

Միևնույն ժամանակ, նախատեսվում է քաղաքացիների հիփոթեքային, սպառողական և բիզնես (այդ թվում` գյուղատնտեսական գործունեության նպատակով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց տրամադրված) վարկերի և փոխառությունների դիմաց առաջացած պարտավորությունների մասնակի կամ լրիվ փոխհատուցում՝ ըստ սահմանված շահառուների խմբերի, աջակցության չափերի և ժամկետների՝ առաջիկա երեք տարիների համար։

Հայաստանի Հանրապետությունը Արցախի Հանրապետության սոցիալական անվտանգության երաշխավորն է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ