Բայդենն ապրիլի 24-ին կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ավելի քան մեկ դար առաջ Օսմանյան կայսրության կողմից 1,5 միլիոն հայերի զանգվածային կոտորածներն անվանել Ցեղասպանություն։ Այս մասին հաղորդում են ամերիկյան հեղինակավոր New York Times և The Wall Street Journal պարբերականները՝ հղում անելով ներքին քննարկումներին ծանոթ պաշտոնյաներին։

Թեմային են անդրադարձել նաև Bloomberg-ը, The Guardian-ը, Reuters-ը, France 24-ը և այլ լրատվամիջոցներ։

Ըստ աղբյուրների՝ Բայդենը նման հայտարարություն կանի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին։

Պաշտոնյաները միևնույն ժամանակ նշել են, որ առայժմ վերջնական որոշում չի կայացվել, և ԱՄՆ նախագահը կարող է խորհրդանշական հայտարարությունը հրապարակել նաև՝ առանց ցեղասպանություն բառն օգտագործելու, ինչպես արել են նրա նախորդները։

Պարբերականները հաղորդում են, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը կվատթարացնի թուրք-ամերիկյան հարաբերությունները։

Reutres գործակալության հաղորդմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Բայդենի բառերն օրինական ուժ չունեն և միայն կվնասեն երկու երկրների հարաբերությունները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ