Դերասանուհին, որպես կանոն, տոներին անակնկալներով է ողողում ընտանիքի բոլոր անդամներին, այս անգամ, սակայն նրա անակնկալը փոքր–ինչ ուշացել է։
Փոխարենն առաջինն ամուսինն է անակնկալ մատուցել իրեն, ինչից դերասանուհին հուզվել է։
«Օրը տոնել սկսեցինք կեսգիշերին։ Արդեն պատրաստվում էինք քնելու, Արտակը դուրս եկավ սենյակից ու վերադարձավ վարդերի փնջով։
Այդ պահը շատ հուզիչ էր ինձ համար։ Գրկել էի վարդերն ու արտասվում։ Ամուսնուս թվաց, թե չեմ հավանել, իսկ ես իրականում հուզվել էի, որ ինքը, չլինելով ռոմանտիկ մարդ, ինձնից առաջ ընկավ ու անակնկալ մատուցեց ինձ,– ասաց Անահիտն։
7 տարվա համատեղ կյանքը դերասանուհու համար երջանկության տարիներ են, սակայն ամուսնական կյանքն իր հետ որոշակի բարդություններ էլ է բերում։ Անահիտն այս ընթացքում մեծացավ ու կոփվեց `որպես կին ու մայրիկ։ «Ամուսնությունից հետո ամենամեծ փոփոխությունն աղջկական վիճակից մայրիկի կարգավիճակի անցնելն էր։
Մայր լինելն ամենաբարդ մասնագիտությունն է։ Չէ՞ որ դու արդեն օրինակ ես։ 4 բալիկ նայում են քո արարքներին։ Պետք է հնարավորինս չսխալվես։ Իմ կարծիքով` խորհրդատու լինելուց բացի դաստիարակության ամենաճիշտ ձևը լավ օրինակ լինելն է,– նկատեց դերասանուհին ու խոստովանեց, որ լինում են բարդ փուլեր, բայց դրանք արագ էլ հաղթահարվում են։ –Լինում են պահեր, երբ մտածում ես, որ հոգնածությունդ հասել է իր գագաթնակետին։ Հետո լսում եմ 8 ամսական Մհերիս ծիծաղն ու նորից վերալիցքավորվում»։