Ռուսաստանն ամերիկացի մի շարք պաշտոնյաների մուտքը երկիր արգելել է

Ռուսաստանն արգելափակում է մուտքը երկիր ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին օգնական Ջոն Բոլթոնի և ԿՀՎ նախկին տնօրեն Ռոբերտ Վուլսիի համար: Այս մասին ասվում է Ռուսաստանի արտգործնախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

«Մուտքը փակ է ազգային անվտանգության գծով ԱՄՆ նախագահի նախկին օգնական, ՄԱԿ-ում մշտական ​​ներկայացուցիչ Ջոն Բոլթոնի և ԿՀՎ նախկին տնօրեն Ռոբերտ Վուլսիի համար», – հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից։

Ռուսաստանը արգելել է նաև Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Մերիկ Գարլանդին և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քրիստոֆեր Ռեյին մուտք գործել երկիր: Բացի այդ, դեպի Ռուսաստանի Դաշնություն մուտքն արգելված Ամերիկայի քաղաքացիների ցուցակում կա ևս վեց անուն:

«Ի պատասխան մարտի 2-ին ԱՄՆ վարչակազմի կողմից Ռուսաստանի պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառված պատժամիջոցների, մուտքը Ռուսաստանի Դաշնություն փակ է գործող և նախկին ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների և հակառուսական քարոզի իրականացման մեջ ներգրավված գործիչների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ցուցակում են նաև բանտերի դաշնային բյուրոյի տնօրեն Մայքլ Կարվախալը, ներքին անվտանգության նախարար Ալեխանդրո Մալյորկասը, ներքին հարցերով նախագահի խորհրդական, ՄԱԿ-ի նախկին մշտական ​​ներկայացուցիչ և ազգային անվտանգության գծով օգնական Սյուզան Ռայսը և ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հեյնսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ