99 ձայն եւ ժյուրիի հիացական արձագանք. Սյուզաննա Մելքոնյանը` ռուսական «Ну-ка, все вместе!» նախագծում իր հաղթական ելույթի եւ մարտական տրամադրվածության մասին

Կրկին հայ մասնակից եւ կրկին հիշարժան ելույթ ռուսական «Россия 1» հեռուստաալիքի «Ну-ка, все вместе!» շոուի շրջանակում. այս անգամ երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը Roxette խմբի «It Must Have Been Love» հանրահայտ կատարմամբ ոտքի հանեց մրցույթի ժյուրիի 100 անդամներից 99-ին, այդ թվում` ժյուրիի նախագահ Սերգեյ Լազարեւին:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Սյուզաննան կիսվել է իր էմոցիաներով եւ խոսել իր կյանքում մրցույթի կարեւորության մասին:

Երգչուհին նշեց, որ մեկ տարի պատրաստվել էր այսպիսի ելույթ ունենալու համար:

«Սկսել եմ պատրաստվել երկրորդ եթերաշրջանից անմիջապես հետո, երբ մեզ` երգիչներիս համար սկսվեց խայտառակ մի շրջան պանդեմիայից հետո, բայց այդ ամբողջ ընթացքում ես հավատս չէի կորցնում, որ ես անպայման հայտնվելու եմ այս բեմում: Երբ բեմ բարձրացա, փորձեցի ամբողջովին հավաքվել եւ այդ երկու րոպեների ընթացքում ցույց տալ այն, ինչն իմ մեջ կուտակվել էր մեկ տարվա ընթացքում»,-նշեց երգչուհին:

Սյուզաննան հավելեց, որ իր համար առանձնահատուկ կարեւոր էր Սերգեյ Լազարեւի կարծիքն իր կատարման վերաբերյալ եւ մանրամասնեց, թե ինչու.

«Յուրաքանչյուր մասնագետի կարծիքը կարեւոր է ու որոշիչ, բայց, իհարկե, ամենից շատ Լազարեւի կանգնելուն էի սպասում, որովհետեւ չորս տարի առաջ «Նոր ալիք» մրցույթի շրջանակում նա ժյուրիի այն անդամներից էր, որը սկզբից մինչեւ վերջ ինձ նշանակում էր առավելագուն` 11 միավոր, եւ ինձ շատ հետաքրքիր էր, թե չորս տարի անց նա ինչպես կարտահայտվի, ինչ կարծիք կունենա իմ մասին: Բայց, իրականում, յուրաքանչյուրի կարծիքն էլ կարեւոր է, որովհետեւ երբ ունենում ես մեկ տարվա պասիվ, ճահճացած շրջան, նախ` ուզում ես հասկանալ, թե ինչ է քո մեջ փոխվել` հոգեբանական կողմից մինչեւ մասնգիտական, եւ, հատկապես, այդ շրջանից հետո դրսում ներկայանալով` յուրաքանչյուրի խոսքը քեզ համար կարեւոր է ու նշանակալից»:

Հարցին` ի՞նչ էր զգում, երբ իր կատարմանը զուգահեռ հետեւում էր ժյուրիի անդամների գնահատող հայացքներին ու էմոցիաներին, Սյուզաննան պատասխանեց.

«Իհարկե, վիզուալ որոշ բաներ խանգարում են, բայց կատարողի հարթակից դա այդքան էլ այդպես չի երեւում, ամեն ինչ ընդհանրացված է երեւում, եւ դու այդ պահին ունես լավ կատարելու առաքելություն, ու երբ քեզ վրա ընկնում են լույսեր, այդ ամեն ինչը խառնվում է իրար, եւ դու չես կարողանում այդ պահին հաշվել` ով կանգնեց: Իմ պարագայում ես այնքան գերէմոցիոնալ վիճակում էի, որ դրա շնորհիվ ես չէի նկատում` ժյուրիի շրջանում ինչ էր կատարվում, պարզապես, փորձում էի ցույց տալ այն, ինչ կուտակվել էր իմ ներսում… Լավ իմաստով բավարարվածություն ձեռք բերեցի, որպես կատարող, որովհետեւ անսահման կարոտ կար դեպի բեմը»:

Սյուզաննայի խոսքով՝ ոզրափակիչը բավական բարդ է լինելու.

«Այս տարվա մրցակցությունը բավական ուժեղ է: Այս եթերաշրջանին մասնակցում է նաեւ մրցույթի իտալական տարբերակի հաղթողը, կան երգիչներ Վրաստանից, Անգլիայից, տարբեր երկրներից ժամանած շատ մասնակիցներ կան, բայց ես մարտական եմ տրամադրված, ինչպես երբեք: Շատ մրցույթներ են եղել իմ կյանքում, ունեցել եմ շատ հաղթանակներ, նաեւ` պարտություններ, բայց նման պատասխանատվությամբ չեմ հիշում, որ այլ մրցույթի պատրաստված լինեի»,-նշեց նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ