«Առարկում եմ համաներում կիրառելուն․ ես կորցրել եմ ընկերներ». Վալերիյ Օսիպյան

Հայաստանի Հանրապետության ոստիկանապետ Վալերի  Օսիպյանը դեմ է ՊՊԾ գնդի գրավման գործով մեղադրյալների նկատմամբ համաներում կիրառելուն։ Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրեց, որ 2018 թվականի նոյեմբերի 1-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվել է օրենք` Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800 ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին, ըստ որի` սահմանված է առանձին դրույթ 2016 թվականի հունիսի 17-31-ը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց վերաբերյալ, սակայն համաներմամբ նախատեսված է վերապահում առ այն, որ, եթե պատանդառված, ինչպես նաև ֆիզիկական վնաս կրած անձինք առարկում են այս համաներման օրենքի կիրառելու հարցում, ապա գործի քննությունը պետք է շարունակվի ընդհանուր կարգով:

Դատավորը նշեց, որ բոլոր ամբաստանյալները տվել են իրենց համաձայնությունը համաներման ակտը կիրառելու վերաբերյալ և չեն առարկել:

Դատավորը խնդրեց որպես տուժող Վալերի Օսիպյանը իր կարծիքն արտահայտի այս մասով: «Ես կորցրել եմ ընկերներ, եթե կորցրած չլինեի իմ ընկերներին, միգուցե, իմ դիրքորոշումն այլ լիներ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրը պետք է կրի օրենքով նախատեսված պատիժ», — ասաց Օսիպյանը։

Դատավորի ճշտող հարցին, թե առարկո՞ւմ է, որ համաներում կիրառվի, Օսիպյանը պատասխանեց. «Այո, առարկում եմ»:

ՊՊԾ գնդի գրավման գործով խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը։ 7 ամբաստանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ (մեղադրյալ Արայիկ Խանդոյանը մահացել է ազատության մեջ), իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց:
 
2016 թ. հուլիսի 17-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության, ծանրացուցիչ հանգամանքներում սպանությունների, շենքեր, շինություններ, տրանսպորտի միջոցներ զավթելու, պատանդ վերցնելու եւ պահելու, ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու, պահելու, փոխադրելու, զենք, ռազմամթերք հափշտակելու, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու եւ դիտավորությամբ ոչնչացնելու փաստի կապակցությամբ հարուցված քրեական գործերը քննվում են դատարաններում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ