«Ավտոմատի կոթով հարվածներ էի ստանում գլխիս, մեջքիս, ուսադիրներս պոկեցին». Վալերի Օսիպյան

«Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործով այս պահին դատարանում ցուցմունք է տալիս ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Դատարանի հարցին ի պատասխան ՀՀ ոստիկանապետն ասաց, որ ամբաստանյլաներից որեւէ մեկի հետ բարեկամական, ազգակցական կապեր չունի, ամբաստանյլաներին ճանաչում է այսպես ասած փողոցի՝ հասարակական միջոցառումներից, հավաքներից, երթերից:

Վալերի Օսիպյանը պատմեց, որ 2016 հուլիսի 17-ին, ժամը 05:00-ի սահմաններում ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահից զանգ է ստացել եւ տեղեկացել, որ ՊՊԾ ոստիկանության գունդը մի խումբ զինված քաղաքացիների կողմից, այսպես ասած, զավթել են:

«Ես չեմ համակերպվում այն մտքի հետ, որ գունդը գրավել են, գրավողը ուրիշ բան կգրավի. 35 հոգի վեց հոգու վրա չի գնա գրավի, ապօրինի զավթել են: Տեղեկանալով այս ամենին՝ ես իմ ծառայողական մեքենայով ուղեւորվեցի դեպի ՊՊԾ գունդ: Հասնելով Էրեբունու ոստիիկանության բաժին, տեսա մի խումբ ոստիկանների, պարեկային մեքենաներ:

Նկատեցի ՊՊԾ գնդի մուտքի դարպասների մոտ կայանած միկրոավտոբուս եւ շտապօգնության մեքենա եւ անկանոն ինձնաձիգերով մարդիկ են շարժվում, մտնում ներս դուրս գալիս, նաեւ տեսա մեր ոստիկանության աշխատակիցներին բաժնի դիմաց:

Ինձ անմիջապես տղաները զեկուցեցին՝ ինչ է կատարվում եւ ինձ հորդորում էին, որ ես մի փոքր այս կողմ կանգնեմ, որպեսզի ինձ չթիրախավորեն, որովհետեւ կրակահերթեր էին լինում երբեմն:

Լսեցի տղաներից մեկի մոտ ռադիոկապ կար, լսեցի եւ ձայնը տարբերեցի, Պավլիկ Մանուկյանի ձայնն էր, անմիջապես հասկացա, որ գունդ են մտել, մեր կապի միջոցները վերցրել են եւ բաժանել: Անմիջապես տղաներից մեկի մոտի կապի միջոցով կապի մտա: Դիմեցի, ասացի՝ Պավլիկ, Պավլիկ, բա՝ լսում եմ, ով ա, ասացի՝ ձեր հետ խոսում է գնդապետ Օսիպյանը, պատասխանեց՝ հա ինչ կա, ասացի՝ առաջարկում եմ դուրս գալ, զենքերը ցած դնել: Ասացի՝ դուրս եկեք, առաջացեք, ես էլ գամ Մարմարի աշխարհի մոտ, տեսնենք մի հատ զոհեր վիրավորներ ունենք, տեսնենք ինչ է կատարվում: Ինքը ընդունեց առաջարկս, ասաց՝ հիմա մոտենում եմ:

էրեբունու բաժնի մոտ նկատեցի պարոն Եղիազարյանին, նա մոտեցավ, տեղեկացավ՝ ինչ է կատարվում, ես ասացի՝ գնում եմ այնտեղ, ասաց՝ ես էլ եմ գալիս: Ձախ մայթով բարձրանում էինք, հասնելով քարերի աշխարհի մոտ, նկատեցի, որ դիմացի մայթին կանգնած էր Մարտիրոս Հակոբյանը՝ ինքնաձիգով, Պավլիկը, Սեդրակ, Աշոտը մոտեցավ: Խոսակցությունը հետեւյալն էր, փորձեցինք բացատրել, որ սա ճիշտ չէ , իրենք իրենց էին ասում, ձգված տոնայնության վրա էր մեր խոսակցությունը եւ ես հասկացա, որ խոսակցությունները եւ բանակցությունները մեզ մոտ չի ստացվում, անարդյունք է: Փորձում էինք զոհվածների կամ վիրավորների մասին ինչ-որ բան տեղեկանայինք, ասացին՝ ում պետք է, մենք օգնություն ցույց տվել ենք, զոհ չունենք եւ այլն:

Արդեն ուզում էինք վերադառնայինք, Սեդրակը Նազարյանը ձեռքը մեկնեց եւ կապիս միջոցը անմիջապես վերցրեց, ես չէի տալիս, ինքը ասաց՝ տուր, մերն ա կապի միջոցը, դու էլ պետք ա գաս, սկսեցին բրդբրդել ինձ, բոլորը զենքերը պահեին իմ վրա, ասացին՝ հիմա կգյուլեմ քեզ ստեղ: Ինքնաձիգի խզակոթով ես հարվածներ էի ստանում գլխի հատվածում, մեջքիս, ուսադիրներս պոկեցին, հետագայում տեղեկացա, որ Աշոտն էր, այդպես մտանք գունդ, հարվածներով ես պաշտպանվելով 5-6 հոգով ինձ հարվածում էին:

Անցակետով անցանք, ես նկատեցի, որ սեղանին համակարգիչներ են դրված, որով աշխատանք էր կատարում Վարուժան Ավետիսյանը: Ասացի՝ էս ի՞նչ եք անում, ասաց՝ լավ ենք անում, ռեժիմը մեր կյանքը կերավ: Անցանք մյուս սենյակ, մեր հետ միասին 8 ոստիկաններ կային, ոմանք՝ ձեռնաշղթաներով, ոմանք՝ մեկանգամյա օգտագործվող պլաստմասե շղթաներով: Մեզ էլ կանդալեցին՝ ինձ, պարոն Եղիազարյանին»,- պատմեց ՀՀ ոստիկաապետը:

Վալերի Օսիպյանի ցուցմունքը շարունակվում է:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ