Անհայտ բացակայող ճանաչելու ժամկետը կրճատվել է

2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողներին և այլ քաղաքացիներին դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու ժամկետները կրճատվել են:

Օրենքի փոփոխության հեղինակ Արդարադատության նախարարությունը պարզաբանել է, որ դատարանը կարող է քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություն չկա նրա գտնվելու վայրի մասին: Իրավաբանական վարչության պետը պարզաբանել է նաև, թե քաղաքացուն մահացած ճանաչելու ինչ կարգ է գործելու:

«Քաղաքացիական օրենսգրքի 47-րդ հոդվածի երկրորդ մասով սահմանվում է, որ ռազմական գործողությունների հետևանքով անհետ կորած զինծառայողը կամ քաղաքացին կարող է դատարանի կողմից ճանաչվել մահացած ոչ շուտ, քան ռազմական գործողությունների ավարտից երկու տարի հետո: Օրենքի փոփոխությամբ այս ժամկետը դարձել է մեկ տարի՝ ռազմական գործողությունների սկսելու պահից:

Անհայտ բացակայողների հետ կապված՝ դատարաններն արդեն դիմումներ են ստանում, մահացածի՝ դեռ ոչ, որովհետև ժամկետը չկա: Դիմումների ընթացակարգը պետք է շահագրգիռ անձը հիմնավորի, որ, տեսեք, այս անձը անհայտ բացակայող է, բայց անհայտ բացակայությունը կապված է հենց ռազմական գործողությունների հետ, օրինակ՝ նա ժամկետային զինծառայող է եղել, ինչն ավելի հեշտ է ապացուցել, որ անձը ժամկետային զինծառայող է, կամ անձը Հադրութի բնակիչ է, որն այլևս մեր վերահսկողության ներքո չէ: Նման ապացույցներն արդեն դատարանն է գնահատում: Ինչո՞ւ է այս ամենը դատարանի իրավասության ներքո: Որպեսզի ինքը համապատասխան ապացույցները գնահատի և ըստ այդմ դատական ակտ կայացնի»,- ասել է ՀՀ ԱՆ իրավական ապահովման վարչության պետ Անահիտ Անտոնյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ