Կառավարության կողմից «Նաիրիտ»-ի վերագործարկման համար ներդրողներ գտնելու, բանակցություններին զուգահեռ չինացիների մուտքն ու ուսումնասիրությունները գործարանի տարածքում բավականին հետաքրքիր է։ Ընդ որում՝ ամեն ինչ ավելի հետաքրքիր դարձավ, երբ պարզվեց, որ կառավարությունը անտեղյակ է օտարերկրացիների այցելությունից և գործարանում նրանց գտնվելու համար թույլտվություն չի տրամադրվել։
Բանը հասավ նրան, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձավ խնդրին՝ տեղեկացնելով, որ Չինաստանի քաղաքացիները «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի տարածք են մուտք գործել գործարանի նախկին տնօրեն, հայ-չինական «Շանսի-Նաիրիտ» համատեղ ձեռնարկության (ՀՁ) տնօրենների խորհրդի անդամ Ռուբեն Սաղաթելյանի միջնորդությամբ և գործարանի սնանկության գործերով կառավարիչ Կարեն Ասատրյանի թույլտվությամբ:
Սակայն Ռուբեն Սաղաթելյանն իր այս գործողությունները չի համաձայնեցրել ՀՁ-ի տնօրենների խորհրդի և ՀՀ կառավարության հետ ու փաստացի զբաղվել է ինքնագործունեությամբ: «Լրացուցիչ քննարկումներից հետո հնարավոր է, որ սահմանված կարգով նախաձեռնվի ՀՁ-ի տնօրենների խորհրդի կազմից Ռուբեն Սաղաթելյանին հանելու գործընթաց: Բացի դրանից՝ այս միջադեպի հետ կապված տեղեկատվությունը հանձնվելու է պատկան մարմիններին, որպեսզի պարզեն՝ արդյոք այս գործողություններում առկա է հանցակազմ»,- գրել էր Սիսեռյանը:
Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ «Նաիրիտ»-ի համակարգող խումբն ահազանգեց, որ շուրջ 10 օր է՝ գործարանում են գտնվում Չինաստանի ներկայացուցիչներ։
Ըստ համակարգող խմբի տեղեկությունների՝ այժմ Չինաստանն ուզում է բութադիենային տեխնոլոգիայով աշխատող մի նոր գործարան կառուցել՝ 50 հազար տոննա հզորությամբ։ Խնդիրն այն է, որ բութադիենային տեխնոլոգիա կա Հայաստանում և աշխարհի ընդամենը մի քանի այլ երկրներում։ Դա գաղտնի տեխնոլոգիա է, որը Չինաստանը չունի։
Համակարգող խմբի տեղեկություններով՝ չինացիները հետաքրքրված են հենց բութադիենային սարքավորումներով, և նաիրիտցիների շրջանում շատ մեծ մտավախություն կա, որ գործարանի նախկին ղեկավարությունը հանցավոր համաձայնության է եկել այդ գաղտնի տեխնոլոգիան ամբողջությամբ՝ փաստաթղթերով, աշխատանքային ուսուցանող ձեռնարկներով, ներքին կարգով հանձնել չինացիներին։
Մանրամասնեը՝ սկզբնաղբյուր կայքում