Ճապոնիայում առաջին անգամ թոքերի փոխպատվաստում են իրականացրել կորոնավիրուսով հիվանդացած կնոջը

Ճապոնիայի Կիոտոյի համալսարանական հիվանդանոցի բժիշկները հայտնել են, որ իրականացրել են թոքերի՝ աշխարհում առաջին փոխպատվաստումն այնպիսի հիվանդի, ում մոտ բարդություններ են առաջացել COVID-19-ով պայմանավորված թոքաբորբից։ Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ հղում անելով NHK հեռուստաալիքին։

Կինն անցյալ տարվա վերջին ծանր հիվանդացել էր կորոնավիրուսից առաջացած թոքաբորբով։ Նրան միացվել էր արտամարմնային թաղանթային թթվածնային սարք, որը կրկնօրինակում է սրտի և թոքերի գործառույթները:

Քանի որ ֆիբրիոզից վնասված նրա թոքերը հնարավոր չէր վերականգնել, նրա ամուսինն ու որդին որոշել էին դառնալ դոնորներ։ Բժիշկները նրանց թոքերի մի մասը փոխպատվաստել են հիվանդին. վիրահատությունը տևել է 11 ժամ։

Այժմ կինը վերակենդանացման բաժանմունքում է, և եթե ապաքինվի, ապա երեք ամսից կարող է վերադառնալ նորմալ կյանքի: Նրա ամուսնու և որդու վիճակը նույնպես լավ է:

Գործակալությունը հաղորդում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում տարեկան իրականացվում է թոքերի 3400 փոխպատվաստում: Ճապոնացի գիտնականները պնդում են, որ կորոնավիրուսով հիվանդացած բուժառուին թոքերի հյուսվածքի փոխպատվաստում են իրականացրել աշխարհում առաջին անգամ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ