Նախնական հաշվարկով՝ մոտ 1500 ուսուցիչ 30-ից 50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ աշխատանքային այցով Ռուսաստանում էր, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Փաշինյանն արդեն վերադարձել է Ռուսաստանից և այսօր կառավարության նիստը ինքն է վարում։

Կառավարության այսօրվա նիստին որոշվեց «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված 1162 գիտական և գիտատեխնիկական գործունեության ծրագրերի միջոցառումների իրականացման համար հատկացված ֆինանսական միջոցներն ավելացնել 2 միլիարդ 784 միլիոն 565 հազար դրամով։

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասաց, թե միջոցառումները նպաստելու են երկրի տնտեսական կարիքներից բխող և գիտական հետազոտությունների արդի պահանջներին համապատասխանող ուղղությունների զարգացմանը։

Ըստ նախագծի՝ ներկայում գիտական կազմակերպությունների և բուհերի գիտական ստորաբաժանումների ենթակառուցվածքների և նյութատեխնիկական բազայի մեծամասնությունը չեն համապատասխանում գիտության արդի չափանիշներին: Ենթակառուցվածքները և նյութատեխնիկական բազան չեն ապահովում գիտական ներուժի արդյունավետ օգտագործումը: Գիտական սարքավորումների բացարձակ մեծամասնությունը հնացած են, նրանց տեխնիկական վիճակը հնարավորություն չի տալիս իրականացնելու բարձր մակարդակի գիտական, հատկապես կիրառական բնույթի հետազոտություններ, իսկ պահպանումը և շահագործումը պահանջում են մեծ ֆինանսական միջոցներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե այս թեմայով տասնյակ քննարկումներ են ունեցել։

«Ուղղակի մի տեղում գումար ավելացնելը ամենևին չի նշանակում, որ մենք կհասնենք բովանդակային արդյունքի, կարևոր է հավաստիանալ, որ այն ներդրումը, որն արվում է, համակարգի կողմից կարող է մարսվել ու այդ գումարը կլինի նպատակային ու մենք համոզված կլինենք, որ, իրոք, ծառայում է գիտության զարգացմանը։ Այս որոշումը երկար քննարկումների արդյունք է», — ասաց Փաշինյանը։

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ ընդգծեց՝ առաջիկայում ասպիրանտից սկսած մինչև ինստիտուտի ղեկավար էականորեն փոփոխվելու են աշխատավարձերի դրույթները։

«Մենք, միանշանակ, կարողանալու ենք աշխատավարձերի բարձրացմամբ գրավչությունը բարձրացնել», — ասաց նա։

Նիկոլ Փաշինյանն էլ վստահեցրեց, որ նախնական հաշվարկով՝ մոտ 1500 ուսուցիչ 30-ից 50 տոկոսով ավելի բարձր աշխատավարձ կստանա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ