Քոչարյանը միակը չէ, Փաշինյանի կառավարման 3 տարիների ընթացքում երկիր ժամանողների թիվն ավելի մեծ է, քան երկրից մեկնողներինը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Պոզներին տված հարցազրույցում, անդրադառնալով Հայաստանից շարունակական արտագաղթին, հայտարարել է, որ միայն իր նախագահության տարիներին է Հայաստանում եղել միգրացիայի դրական ցուցանիշ։ «Միգրացիոն սալտոն միշտ եղել է բացասական, և, իմիջիայլոց, միակ երեք տարիները՝ դրական միգրացիոն սալտոյով, իմ նախագահության վերջին երեք տարիներն էին»,- ասել է Քոչարյանը։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրեց անկախության տարիներին (1991 թվականից մինչ օրս) Հայաստանից մեկնածների ու ժամանածների վիճակագրությունը։

Միգրացիայի դրական սալտո նշանակում է, որ երկիր ժամանողների թիվն ավելի մեծ է, քան երկրից մեկնողներինը։ Պարզվում է, սակայն, որ միգրացիայի դրական սալտո Հայաստանում արձանագրվել է նաև 2018, 2019 և 2020 թվականներին։

Ինչպիսին է եղել միգրացիայի պատկերը Հայաստանի ղեկավարների օրոք 

Լևոն Տեր-Պետրոսյան

Վիճակագրական կոմիտեի տվյալների արխիվում բացակայում են 1991 թվականի միգրացիայի ցուցանիշները, իսկ 1992-94 թվականների տվյալներում սխալանքը բավական մեծ է, քանի որ միգրանտների մի մասը եղել են Ադրբեջանից տեղահանվածները, և վերջիններիս շարժը ոչ միշտ է հնարավոր եղել արձանագրել։

Այնուամենայնիվ, ըստ պաշտոնական վիճակագրական ցուցանիշների, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նախագահության տարիներին (1991-1998) Հայաստանից արտագաղթել է 586,800 մարդ։ Տեր-Պետրոսյանի կառավարման բոլոր տարիներին միգրացիոն սալտոն եղել է բացասական։

Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10 տարիներին (1998-2008 թթ․) Հայաստանից արտագաղթել է ընդհանուր 33,200 մարդ։ Եվ չնայած սրան՝ անկախությունից ի վեր առաջին անգամ 2004-2006 թվականներին է արձանագրվել մեկնողների ու ժամանողների դրական տարբերություն։ Այսինքն՝ այդ տարիներին Հայաստան ավելի շատ մարդ եկել է, քան մեկնել։

Սերժ Սարգսյան

Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում (2008-2018) Հայաստանը լքել է 372,600 մարդ։ Նրա կառավարման տարիներից և ոչ մեկում միգրացիոն սալտոն չի եղել դրական։

Նիկոլ Փաշինյան

2018 թվականի հեղափոխությունից հետո այս պատկերը կտրուկ փոխվել է։ Սկսած 2018 թվականից Հայաստան ժամանողների թիվը գերակշռել է մեկնողների թվին։ Սկսել է փաստացի ներգաղթ։ Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ վերջին երեք տարում Հայաստան է ժամանել մոտ 38,000-ով ավել մարդ։ Երեք տարիներին էլ սալտոն դրական է եղել։

Ամփոփելով՝ փաստենք, որ երկրորդ նախագահի կողմից հնչեցված միտքը, թե միայն իրեն է հաջողվել միգրացիայի դրական սալտո ապահովել, սխալ է։ Թեև իսկապես իր նախագահության տարիներին՝ 2004-2006 թվականներին, սալտոն եղել է դրական, սակայն Նիկոլ Փաշինյանի վարչապետության երեք տարիներին ժամանողները մշտապես գերազանցել են մեկնողներին, և արձանագրվել է միգրացիայի դրական ցուցանիշ։

աղբյուրը՝  Փաստերի ստուգման հարթակ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ