82-ամյա Ժանետա տատիկը 230 զույգ բրդյա գուլպա է գործել և ուղարկել դիրքապահ զինծառայողներին

Երեւանում բնակվող թոշակառու Ժանետա Անանիկյանը արդեն 4 տարի է՝ բրդյա գուլպաներ է գործում և ուղարկում սահմանը պահող զինծառայողներին։

NEWS.am-ի հետ զրույցում 82-ամյա կինը պատմեց, որ  4 տարիների ընթացքում մոտ 230 զույգ բրդյա գուլպա է ուղարկել սահմանը պահող զինծառայողներին. ամբողջ տարին գործում է, ձմռանը` ուղարկում բանակ:

Տիկին ժանետային թելը նվիրում են, ասում է` թանկ է, չի կարողանում գնել: Թոշակով եւ նպաստով ապրող միայնակ կնոջը թաղապետարանից են թել տալիս, կամ բրդյա իրեր, որոնք քանդում է, եռացնում, մշակում եւ դրանցից բրդյա գուլպաներ գործում:

«Մոտիկ մարդկանց սվիտերները, որ տեսնում եմ՝ արդեն մի քանի անգամ հագել են, ասում եմ` հերիք է, նորը գնեք, հինը տվեք ինձ: Քանդում եմ, եռացնում թելը եւ քիչ-քիչ գուլպաներ գործում»,- ասաց նա:

Տիկին Ժանետան նեղվում է ավելորդ ուշադրությունից, ասում է՝ ինքն իր գործն է անում, ընդամենը գուլպա է գործում. «Ազգային հերոս  են դարձրել, այնքան խոսեցին, արդեն ինձ վատ եմ զգում:

Միայն կասեմ՝ թող զինվորները բարով մաշեն, ես այնքան սրտանց եմ գործել, որ այդ գուլպաները իրենց եւ կտաքացնի, եւ կուրախացնի: Իրենք մի մատ երեխա էնտեղ կանգնած են, ես էլ տաք-տաք էստեղ քնում եմ, ապրեն իրենք»:

տեսանյութը՝ news.am

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ