Նա իշխանության իրական կրող էր, ըստ այդմ առկա են նվազագույն հարցեր: Օրինակ, Սերժ Սարգսյանը ի՞նչ մոտեցում է ունեցել ընդհանրապես ծավալվող տասնօրյա հանրահավաքների կապակցությամբ, նա ի՞նչ մասնակցություն է ունեցել դրանց հանդեպ իշխանության դիրքորոշման, քայլերի մշակման հարցում, ընդհուպ հենց մարտի 1-ի օրը:
Նա ինչպե՞ս էր պատկերացնում իրադարձությունների հետագա զարգացումը փետրվարի 29-ին, երբ կոալիցիա էր կազմում պաշտոնապես երրորդ արդյունքն ունեցող թեկնածու Արթուր Բաղդասարյանի հետ:
Հաշվի առնելով այն, որ Բաղդասարյանը հետո հայտարարել է պարբերաբար, որ հակառակ դեպքում՝ եթե չգնար կոալիցիայի, կլիներ ավելի մեծ արյունահեղություն: Ի՞նչ գիտեր Բաղդասարյանը, նրան ի՞նչ էր ասել Սերժ Սարգսյանը, որ նա գնացել էր իր համար քաղաքական մահ նշանակող կոալիցիային:
Սերժ Սարգսյանը տեղյա՞կ էր դրանից մի քանի ժամ անց՝ մարտի 1-ի լուսադեմին Ազատության հրապարակում ոստիկանական գործողությունից, գիտե՞ր, որ լինելու է այդ գործողությունը, ինչից էլ փաստորեն սկսվեց դեպքերի բախումնային եւ ի վերջո ողբերգական ընթացքը:
Օրվա ընթացքում Սարգսյանը ունեցե՞լ է տարակարծություն Ռոբերտ Քոչարյանի հետ՝ նրա որոշումների եւ մոտեցումների հարցում: Ինքը փորձե՞լ է կապ հաստատել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ եւ հանգուցալուծել իրավիճակը:
Թե՞ Սերժ Սարգսյանը չի արել իրավիճակի հանգուցալուծման որեւէ փորձ, նկատի ունենալով այն, որ միեւնույն է ամբողջ պատասխանատվությունը Ռոբերտ Քոչարյանի վրա է եւ իրադարձությունների բախումնային զարգացումը կաշխատի Ռոբերտ Քոչարյանի դեմ հետագա տասնամյակում, հատկապես, որ Սարգսյանը վստահ կլիներ, որ հետագա տասնամյակում Քոչարյանն աշխատելու է իր դեմ:
Սերժ Սարգսյանը գիտեր՝ ինչ է լինելու մարտի 1-ին. Անահիտ Բախշյան
Սերժ Սարգսյանը գիտեր՝ ինչ է լինելու մարտի 1-ին. Անահիտ Բախշյան
Posted by Իմ Հայաստան My Armenia on Tuesday, February 5, 2019