Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը վարչապետ Փաշինյանին զեկուցել է ոռոգման սեզոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին և ներկայացրել մարզպետների, ջրային տնտեսության պետական կոմիտեի և բոլոր մարզերում ջրօգտագործող ընկերությունների ներկայացուցիչների հետ աշխատանքային քննարկումների արդյունքները:
Նա նշել է, որ ոլորտում կա մեծ քանակությամբ կուտակված պարտք, որից 80 մլն դրամն այս տարվա հունվարին վերականգնվել է, ինչը, սակայն, բավարար չէ գարնանային նախապատրաստական աշխատանքներն սկսելու համար, և անհրաժեշտ է պետական աջակցություն:
«Ջրային համակարգում պետք է գնալ կադրային և կառուցվածքային շատ լուրջ փոփոխությունների»,-ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կառավարությունում այսօր հրավիրված խորհրդակցության ժամանակ:
«Գումարը բյուջեից տալիս ենք, խիստ հսկողության տակ է առնվում դրանց ծախսումը, բայց գնում ենք հավաքագրումների հետևից, նաև՝ փորձելով հասկանալ՝ ինչ է կատարվում այդ ոլորտում:
Գումարած՝ խիստ հսկողության տակ են պահում ջրամբարներում առկա ջրի քանակությունը, որպեսզի համոզված լինենք, որ դրանք կառավարվում են, վարկային ծրագրերով վերանայումներ ենք անում, թե որտեղ ինչ է հնարավոր վերաբաշխումներ անել, որպեսզի գումարներն առավել էֆեկտիվ ծախսվեն»,-նշել է վարչապետը: