Քաջարան-Կապան ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը. կա տուժած

Մարտի 26-ին, ժամը 21։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի «Բողաջղ» կոչվող տարածքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Toyota Camry» (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված՝ 1988 թ.) մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը (մոտ 200 մ):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև պատգարակով ձորից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել ուղևոր Մ․ Ք․-ին (ծնված` 1978 թ.), ով հոսպիտալացվել է Քաջարան քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ