Արմավիրի մարզի Արշալույս համայնքում կրքերը չեն հանդարտվում: Վերջին օրերին բողոքի ակցիաներ են տեղի ունենում՝ համայնքապետ Զարզանդ Գրիգորյանի հրաժարականի պահանջով: Այսօրվա ակցիայի ժամանակ խաղաղ բողոքը վերածվել է քաշքշուկի` ցուցարարների եւ ոստիկանների միջեւ:
Խնդրին ծանոթանալու համար այնտեղ էր գնացել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը, ով նաեւ արմատներով այդ գյուղից է եւ վերջին խորհրդարանական ընտրություններին հենց Արմավիրի մարզից էր առաջադրվել ռեյտինգային ընտրակարգով: Նա հանդիպել է ցուցարարների եւ գյուղապետի հետ:
«Հոկտեմբեր ամսին համայնքում արտահերթ ընտրություններ են տեղի ունենալու, որի ընթացքում, կարծում եմ, այս հարցը վերջնականապես կլուծվի»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Թագուհի Ղազարյանը:
Այսօր արդեն ոստիկանությունն էր մոտեցել եւ ազատել այդ տարածքը` ցուցարարներին տեղափոխելով ողջամիտ հեռավորության վրա: Բայց դրանից նաեւ գյուղացիներն էին վրդովվել, շատ տաքացած էին, երբ ես առավոտյան 10:30 գնացի այնտեղ:
Ոստիկանության պատասխանատուի հետ խոսեցի, նա ասաց, որ ամեն կերպ կաջակցեն հավաքի խաղաղ անցկացման համար, հավելեց, որ ոչ մի կերպ չեն պատրաստվում անհամաչափ ուժ կիրառել: Չնայած գյուղացիների պնդմամբ իրենց հեռացնելուց բավականին կոպիտ են եղել ոստիկանները, սակայն նրանք էլ հակառակն են պնդում՝ ասելով, որ համաչափ ուժ է կիրառվել: