Որոշ բիզնեսներ պատրաստ են վճարել ասպիրանտական տեղերի համար

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն ու Էկոնոմիկայի նախարարությունը համատեղ մշակում են ասպիրանտական տեղերի պետպատվերի հատկացման նոր մոտեցում:

Ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունները կարող են գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերներ իջեցնել՝ վճարելով այդ տեղերի համար: Ասպիրանտները կզբաղվեն այդ հետազոտություններով, իսկ վերջնարդյունքում՝ աշխատանքի կներգրավվեն մասնավոր ընկերություններում:

Հատկանշական է, որ ասպիրանտական ծրագրերի շրջանակում մասնավոր ընկերությունների կողմից գիտության տարբեր ոլորտներում գիտահետազոտական աշխատանքների պատվերների, ինչպես նաև դրանց ֆինանսավորման տրամադրման ծրագրի նկատմամբ մասնավոր հատվածի հետաքրքրվածության աստիճանը բավականին մեծ է:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից կատարված հարցման արդյունքներով ծրագրի վերաբերյալ մասնավոր հատվածից ստացվել են դրական ազդակներ, իսկ որոշ ընկերություններ արդեն իսկ տրամադրել են ֆինանսավորման տրամադրման հայտեր՝ պատրաստակամություն հայտնելով ֆինանսավորել ասպիրանտական հետազոտություն գիտության տարբեր ոլորտներում, ներառյալ՝ ֆիզիկա, կիրառական մաթեմատիկա, մեքենայական ուսուցում, արհեստական բանականություն։

«Ընդհանուր առմամբ, ասպիրանտական հետազոտությունների և դրանց ֆինանսավորման հայտերի քանակն այս պահին 17-ն է»,- այս մասին մեր հարցմանն ի պատասխան՝ տեղեկացնում է Էկոնոմիկայի նախարարությունը՝ հավելելով. «ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խիստ կարևորում է գործարար միջավայրում գիտահետազոտական բաղադրիչի ինտեգրման խրախուսումը, ինչպես նաեւ տնտեսական զարգացման տեսանկյունից մասնավոր հատվածի կողմից գիտական հենքով հետազոտական աշխատանքների արդյունքների գործնական կիրառման անհրաժեշտությունը»:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ծրագիրը գործարկելու ժամկետների մասին դեռ վաղ է խոսել, որովհետեւ Էկոնոմիկայի նախարարությունը հետազոտական աշխատանքների իրականացման համար մասնավոր ընկերություններից դեռ որոշակի առաջարկներ է հավաքագրում:

«Դեռ պետք է վերջնական ներկայացնեն, թե որ ուղղություններով հետազոտությունների կարիք կա եւ ըստ դրա մեզ տեղեկացնեն: Հստակ ուղղությունների ցուցակը դեռ չեն ներկայացրել, երբ լինի կոնկրետ արդյունք, մենք եւս կտեղեկացնենք»,- ասաց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ