Գերմանիան կասեցրել է AstraZeneca-ի պատվաստանյութի օգտագործումը

Գերմանիան որպես նախազգուշական միջոցառում դադարեցրել է COVID-19-ի դեմ AstraZeneca ընկերության պատվաստանյութը։ TASS գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել են Գերմանիայի Առողջապահության նախարարությունից։

«Գերմանիայի կառավարությունն այս քայլով հետևում է Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտի (Գերմանիայի բժշկական կարգավորող մարմնի) առաջարկություններին»,- ասել են գերատեսչությունում։

Պաուլ Էրլիխի անվան ինստիտուտը հայտնել է, որ հարկավոր է նոր հետազոտություններ կատարել դեղամիջոցի ընդունման հնարավոր կողմնակի ազդեցությունների վերաբերյալ։

ԵՄ երկրներում և Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է խորը երակների թրոմբոզի 15 դեպք, ինչպես նաև թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի 22 դեպք այն մարդկանց շրջանում, ովքեր ստացել էին AstraZeneca-ի պատվաստանյութ։ Այս դեպքերից հետո եվրոպական 11 երկիր, ինչպես նաև Թաիլանդը ժամանակավորապես դադարեցրել էին պատվաստումները տվյալ ընկերության պատվաստանյութով։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ShantNews-ը՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ առայժմ չկան ապացույցներ առ այն, որ նշված միջադեպերը կապված են պատվաստանյութի հետ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ