17-ամյա գյումրեցի ավիամոդելավորողի ստեղծած ինքնաթիռը փորձարկվել է որպես հետախուզական թռչող անօդաչու սարք

Շիրակի մարզում ինժեներական նորարարության իրենց մտահղացումները փորձարկելու հարթակ է տրամադրված պատանի ավիամոդելավորողներին։ Ներուժն այստեղ կիրառվում է անօդաչու թռչող սարքերի նախագծումների, փորձարկումների համար։

Տարբեր տարիքային խմբերի դպրոցականներ դասերից հետո ամեն օր գալիս են ավիամոդելային խմբակ: Այստեղ բոլորի ձգտումն ինքնաթիռ կամ անօդաչու թռչող սարքեր ստեղծելն է:

17 տարեկան Աղասի Թորոսյանն այս խմբակում է սովորել, հիմա արդեն շրջանավարտ է ու ստացել է օդային հետախույզի առաջին կարգի վկայական: Ծրագրավորել է ուսումնական նշանակության մի քանի թռչող սարքեր, որոնց փորձարկումն իրական պայմաններում եղել է արդյունավետ։

Ծրագրավորման ու նախագծման իր կարողությունները զարգացնելու համար պատանին որոշել է մասնագիտանալ ռազմական ավիացիայի ոլորտում։Ստացված ու արդեն փորձարկված մոդելը 17 տարեկան պատանին պայմանականորեն անվանել է Սու-27:

Իր ստեղծած ստվարաթղթե թռչող սարքը հայտնի կործանիչներին արտաքին տեսքով նմանություններ ունի:«Շարժվող մասերը հիմնականում թևերի հատվածում են գտնվում, կարող են շարժվել աջ-ձախ, վերև ու ներքև։

Ունի էլեկտրական շարժիչ, որն էլ համարվում է ինքնաթիռի հիմնական մասն ու կապ է ապահովում հեռակառավարվող վահանակի հետ»,- պատմել է Աղասի Թորոսյանը։

Ստեղծարար գաղափարներ ունեցող պատանին գիտի, որ անգամ մեկ սանտիմետր սխալը կարող է օդում ճակատագրական լինել սարքի թռիչքի համար: Իր ստեղծած ուսումնական մոդելների թերությունները գտնելու համար դրանք փորձարկում է վիրտուալ պայմաններում: Աղասիի նպատակն է՝ ստեղծել թռչող սարքի այնպիսի մի մոդել, որը կկիրառվի Զինված ուժերում: Գաղափարներն արդեն ներկայացրել է՝ ուզում է ստեղծել հետախուզական անօդաչու թռչող սարք:

«Ուզում եմ պատրաստել հետախուզական թռչող սարք, իմ պատրաստած մոդելն էլ կարելի է վերածել հետախուզականի, տեղադրել տեսախցիկ և ուղարկել տեղազննության։ Դա, իմ կարծիքով՝ ավելի հետաքրքիր է։ Հետախուզական անօդաչուները շատ կարևոր են, պետք է գիտենանք՝ ում ենք հետախուզում, դիտում, որ մյուս մասնագետներն էլ հետո իրենց գործն անեն»,- նշում է Աղասին։

Ավիացիայի հանդեպ հետաքրքրությունները նոր չեն սկսվել։ Նախ՝ մանկական տարիքում խաղալիք ինքնաթիռներն էին փորձարկումների առարկա, ու դա գալիս է, այսպես ասած, ընտանեկան մասնագիտությունից։ Աղասիի հայրը՝ Գագիկ Թորոսյանը, 26 տարի ծառայել է Զինված ուժերի ավիացիոն գնդում: Որդու մասնագիտական հաջողություններով հպարտանալու առիթներ շատ է ունեցել։

«Տղայիս միշտ հետաքրքրում էին ինքնաթիռները։ Դեռ փոքր տարիքից իր խաղալիքները քանդում էր՝ տեսնելու համար, թե ինչ մասերից է պատրաստված։ Ինքը տիրապետում է ռադիոտեխնիկային, իմ ճանապարհն է ընտրել, ինձ հետ հավասար հեռուստացույց ու ձայնարկիչներ է նորոգում»,- պատմում է Աղասիի հայրը։

Արդեն զորակոչային տարիքի է Աղասին, զինվորականի ճանապարհն է ընտրել, որոշել է ընդունվել Արմենակ Խամփերյանցի անվան ռազմաավիացիոն համալսարան, բայց օդաչու դառնալ չի ուզում։ Միակ ու առաջնային գործն իր համարում է ճշգրիտ աշխատող թռչող համակարգեր ստեղծելը։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ