«Բդից» հետո անցում «ձեռ քցելուն», դե, դրանից էլ՝ «շինելուն». «սեռավարակ» հումորն ու դրա հետևանքները

hraparak.am-ը գրում է.

Ռուսական հաղորդումների նմանակումն այնքան է տարածված հայկական եթերում, որ շատերը սա ընկալում են որպես նորմ։ Նոր նախագծեր քննարկելիս, պրոդյուսերները հաճախ «իրենց» գաղափարները կարող են այսպես բացատրել․ «Типа, Модный приговор» կամ ««Окна»-ի նման բան եմ ուզում»։ Հեռուստադիտողը, հանդուրժելով կապկումը, չի էլ նկատում, թե ինչպես է գլորվում հանդուրժողականության անդունդը։

«Շանթ» հեռուստաընկերության դեպքում այդ անդունդը հստակ անուն ունի՝ «Վումնս քլաբ» կամ՝ ինչպես գրում են օրիգինալին մոտ լինելու համար՝ Women’s Club։ Ի դեպ, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքում հստակ ամրագրված է․ «Արգելվում է լիցենզավորված անձանց կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը եւ այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը»:

Բայց իրականությունից չկտրվենք։ Օրենքներից մեջբերումներ անելով՝ չձանձրացնենք։ Ո՞վ է մտածում այս օրենքի մասին, երբ «Շանթի» սեռական, վարակիչ, կարելի է ասել՝ սեռավարակ «քլաբի» վրա հռհռացող հազարավոր հեռուստադիտողներ կան Հայաստանի քաղաքներում եւ գյուղերում։ «Հեռուստատեսության մասին օրենքն» ո՞ւմ «բանին» է, ինչպես կասեր Women’s Club-ի «մարմնական» հումորի «աս» Գոռը։ Նրան, իր իսկ պատմելով, փողոցում հանդիպելիս հարցնում են․

«Դու բանի մեջի բանը չե՞ս», ու ուզում են նրա հետ նկարվել։ Խորը տեղ մտցրեք ձեր ճաշակն ու կրթությունը, որովհետեւ Գոռը պատասխանում է․ «Նկարվես, ի՞նչ ես անելու։ Տանելու ես դնես բանիդ մե՞ջ»։ Կադրից դուրս՝ քրքիջ։ Այս քրքիջը լսվում է երեք վայրկյանը մեկ, կարեւոր չէ, թե ինչից են խոսում «վումընները» ու նրանց տղամարդիկ։ «Մարմնական» թեման Women’s Club-ում անսպառ է։ «Մարդիկ հոգնել են Նոր տարվա բդերից, փակի՛ բդերդ»,- ասում է «ալա Լուիզ Ներսիսյան» շպարված-սարքված «վումըններից» մեկը։

«Բդից» հետո անցում «ձեռ քցելուն», դե, դրանից էլ՝ «շինելուն»։ Այդ թողարկումը՝ «բդերի ու շինելու» մասին, իրականում նվիրված էր ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանին։ Նա՝ որպես հյուր, նստած էր դահլիճում այլ մարզիկների հետ, չափի մեջ ծիծաղում էր, հարցերի էր պատասխանում։

Նրա հետ հարցազրույցից հետո երկար կոմիքս ցուցադրեցին այն մասին, թե ինչպես են ծանրորդուհիները, հետույքները տնկած, մարզադահլիճում պարապում, իսկ մարզիչը նրանց հարմար դիրքերում է կանգնեցնում ու պարբերաբար «ճտտացնում» է նրանց փափուկ տեղերին։ Ընդ որում, ծանրորդուհիներին դա դուր է գալիս, ու նրանք խնդրում են մարզիչին դա անել։ Սրան, բնականաբար, հետեւում է բազմահազար քրքիջ։ Հատկապես բարձր էին ծիծաղում «քլաբում» հավաքված սպորտսմենները։ Նրանց խրախճանքը Նազիկը չէր կիսում։ Նա քաղաքավարի ժպտում էր։

Ավելի մանրամասն` սկզբնաղբյուրում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ