Մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ տանող նոր կայարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են

Երևանի մետրոպոլիտենի դեպի Աջափնյակ վարչական շրջան նոր կայարանի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են:

«Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Գևորգ Ավետիսյանը նշեց, որ աշխատանքները տարվում են, պարզապես այս պահին փակագծեր չի բացում:

«Նոր կայարանը լինելու է Աջափնյակ թաղամասում, ասեմ, որ այդ ուղղությամբ աշխատանքները տարվում են, պարզապես այս փուլում փակագծերը չեմ բացի, որովհետև քննարկման շրջան է: Կարող եմ ասել, որ գործն ընթացքի մեջ է»,- ասաց Գևորգ Ավետիսյանը:

Մետրոպոլիտենի ցանցի զարգացման մասին ակտիվ քննարկումները վերսկսվեցին 2019 թվականին: Նշվում էր դեպի Աջափնյակ վարչական շրջան մետրոպոլիտենի նոր կայարանի կառուցման մասին՝ դիտարկելով բիզնեսին ներգրավելու հնարավորությունները: 2020 թվականի սեպտեմբերին Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտնեց, որ Երևանում մետրոյի նոր կայարանը կկառուցվի պետական միջոցներով:

Երևանի մետրոպոլիտենը ներկայում ունի ավելի քան 12 կմ ընդհանուր շահագործվող երկարության գիծ, 10 կայարան, վագոնային պարկը բաղկացած է 45 վագոնից, այս պահին գլխավոր գծերում աշխատում է 11 շարժակազմ՝ բաղկացած 2 և 3 վագոններից: Չարբախ-Շենգավիթ ուղեհատվածում գործում է մեկ վագոնով երկու շարժակազմ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ