«Երբեք էլ չեմ ողջունել քաղաքականության մեջ բանակի միջամտությունը…». Արամ Սարգսյան

Բանակը քաղաքական գործընթացներին չպետք է խառնվի, և այս առումով ողջունելի չէ բանակի միջամտությունը՝ հայտարարել է «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ ԶՈՒ ԳՇ-ի և Օնիկ Գասպարյանի հայտարարություններին:

«Ես երբեք էլ չեմ ողջունել քաղաքականության մեջ բանակի միջամտությունը։ Նույն մարտի 1-ին, երբ բանակը միջամտեց, բանակին հրաման տվողը հայտարարեց, որ ինքը տեղյակ չէ, որ ինքը 2 օր հետո է իմացել, որ Միքայել Հարությունյանը ինքն է ինքնագլուխ արել այդ ամենը։ Այն դեպքում, երբ Միքայել Հարությունյանը այդ ժամանակ Թիֆլիսում էր, ու նրան ինչում ասես կարելի է մեղադրել, բացի քաղաքական լինելուց»,- հայտարարեց Արամ Սարգսյանը:

Նրա խոսքով՝ այս դեպքում տեսնում է կողքից քաղաքական «բզբզողների», որոնք չեն թաքցնում հեղաշրջումների, Երևանում զորքեր տեսնելու հանդեպ իրենց հակվածությունը:

«Կարծում եմ, որ նույն կերպ Օնիկ Գասպարյանը կհայտնվի այն կարգավիճակում, որում հայտնվեց Միքայել Հարությունյանը։ Ընդհանրապես, այս կյանքում  ինչ ցանես, այն էլ հնձելու ես։ Եթե հեղաշրջում, չարություն, վրեժխնդրություն ես ցանում, դա էլ հնձում ես։ Բարություն ուղարկիր, մարդկանց գնահատիր ու քեզ էլ կգնահատեն»,- նշեց Սարգսյանը։

Նրա կարծիքով՝ ԳՇ հայտարարությունը հեղաշրջման փորձ էր: «Հայտարարությունը քաղաքական գործընթացներին միջամտել է, ինչը օրենքով արգելված է։ Ի՞նչ է նշանակում՝ դա փորձ է, թե՞ փորձ չէ։ Եթե փորձը անում են, և հաջողվում է, դա արդեն ռազմական հեղաշրջում է։ Հայտարարությունը ռազմական հեղաշրջման փորձ է։ Բարեբախտաբար, այդ փորձը չի վերածվել տանկեր քաղաք իջնելու։ Եթե իջեցվեր, դա կլիներ արդեն ռազմական հեղաշրջման իրացում»,- մեկնաբանեց նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ