«Հոկտեմբերի 27»-ն ունի կազմակերպիչներ, որոնք դեռ պատժված չեն. Արամ Սարգսյան

Մենք բարդ տարածաշրջանում ենք ապրում, պատերազմները դեռ ավարտված չեն, այդ պատերազմներում մեր բարեկամները շատ չեն, և մենք լուրջ հետևություններ պետք է անենք, ամենակարևորը միասնական լինելն է, բարություն տարածելը, բարություն քաղելը, լավ խոսք ասելը և լավ խոսք ստանալը. ինչ քաղես, այն էլ կհնձես: «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, որը եկել էր հարգանքի տուրք մատուցելու եղբոր՝ Վազգեն Սարգսյանի շիրիմին:

«Մենք դասեր չքաղեցին Հոկտեմբերի 27-ից հետո, դասեր չքաղեցինք Մարտի 1-ից հետո, հիմա էլ չենք ուզում դասեր քաղել, և ունենք այն վիճակը, ինչ ունենք: Շատ բարդ է պարտությունից հետո հաղթած պաշտպանության նախարարի, հաղթած քաղաքական գործչի ծննդյան օրով մի բառ ասել, որովհետև բոլորս ինչ-որ առումով մեզ մեղավոր զգում ենք, չգիտեմ ինչում, բայց մեղավոր ենք. հաստատ իրար հանդեպ հանդուրժող չենք եղել և առայսօր մեր մեջ թշնամի ենք ման գալիս: Պետք է սիրենք հայրենիքը, ինչպես Վազգենն էր սիրում, ասում էր՝ քարի հետևում քար կա, սարի հետևում՝ սար, սա բառերով սիրելու հայրենիք չէ»,- նշեց Սարգսյանը:

Անդրադառնալով Գլխավոր շտաբի հայտարարությանը՝ Արամ Սարգսյանը նշեց. «Սահմանադրության մեջ հստակ գրված է՝ բանակն իրավունք չունի քաղաքական դիրքորոշում հայտնելու: Եթե Գլխավոր շտաբը հայտարարել է, դա արդեն իսկ հեղաշրջման փորձ է, եթե տանկերը մտցնեին և ձերբակալեին վարչապետին, կլիներ ռազմական հեղաշրջում: Հեղաշրջումը լավ բան չէ, ճիշտ է ժողովրդի կարծիքը հարցնել ընտրություների միջոցով»:

Սարգսյանը հայտարարեց, որ կտրականապես դեմ է ռազմական հեղաշրջումներին: «Մեր երկրում զորքով, զենքով հարցերը լուծելն անթույլատրելի է՝ կլինի Հոկտեմբերի 27, Մարտի 1: Մարտին 1-ին բանակը մտցվեց քաղաք, 10 մարդ զոհվեց, հետո ասում է՝ ես չեմ իմացել, Միքայել Հարությունյանն է որոշել… Հայաստանում առաջացած ներքաղաքական ճգնաժամը պետք է լուծվի ընտրությունների միջոցով, այլընտրանք չկա»,- ընդգծեց նա:

Դիտարկմանը, թե ընդդիմությունն ասում է, որ այս իշխանությունը չի կարող կազմակերպել ընտրություններ, Սարգսյանն ասաց, որ դա ասում են մարդիկ, որոնք մշտապես իրենք են կեղծել ընտրությունները, որի հետևանքով «Մարտի 1» է տեղի ունեցել, և այդ կեղծիքի հետևանքով է, որ 2018-ին մարդիկ փողոց դուրս եկան:

Հաջորդ դիտարկմանը, թե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ եթե ինքը լիներ երկրի ղեկավար, պատերազմ չէր լինի, Սարգսյանը նշեց. «Ադրբեջանը համագործակցել է Թուրքիայի հետ՝ պատերազմում օգտագործելով մեծ ծավալի առաջադեմ զինտեխնիկա, մի քանի անգամ ավելի մարդուժ, և այդ պայմաններում մենք դատապարտված էինք պարտվելու, ով էլ լիներ երկրի ղեկավար, չէինք հաղթելու: Երբ հակառակորդդ քեզնից այդքան ուժեղ է, նախագահդ ով ուզում է լիներ՝ հանճար լիներ, Սողոմոն իմաստունը, պատերազմը չէր հաղթելու: Չեմ կարծում, որ Ադրբեջանն այդքան ծախս էր արել, որ այդ պատերազմը չլիներ, ինչ է՝ քո նախագահը Ռոբերտ Քոչարյանն է»:

Անդրադառնալով Քոչարյանի այն հայտարարությանը, որ հոկտեմբերի 19-ին վարչապետին առաջարկվել է կանգնեցնել պատերազմը՝ Սարգսյանը հիշեցրեց, որ ավելի վաղ Սերգեյ Լավրովը կողմերի հետ պայմանավորվել էր հրադադարի մասին, սակայն հակառակորդը չպահպանեց պայմանավորվածությունները:

Հարցին ի պատասխան՝ արդյոք «Հոկտեմբերի 27»-ի բոլո՞ր մեղավորներն են պատժված, Արամ Սարգսյանն ասաց. «Հեկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը հայտարարեց, որ այդ հինգն են, ու վերջ: Շատ մարդիկ՝ Անդրանիկ Մարգարյանից սկսած մինչև ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյան, չէին կիսում այդ տեսակետը, որ կազմակերպիչներ չկան, այդ հինգն են, սակայն Քոչարյանը գտնում է, որ բացահայտված է գործը, անելիք չկա, այդ հինգն են, ու վերջ: Ես գտնում եմ, որ Հոկտեմբերի 27-ն ունի կազմակերպիչներ՝ թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական բաղադրիչներ, պատահական չեմ համարում հանցագործների՝ Ուկրաինայով Թուրքիա այցելելը, պատահական չեմ համարում ռուսական հատուկ ծառայության ներկայացուցիչ Լիտվինենկոյի առաջարկած տարբերակը, որը դեռ պետք է ստուգվի, պատասհական չեմ համարում, որ ռուս-ադրբեջանական-թուրքական պայմանավորվածությունների արդյունք էր թե՛ ապրիլյան պատերազմը, թե՛ վերջին Արցախյան պատերազմը, և դա Հոկտեմբերի 27-ի հիմքերի հիմքն է»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ