«Եթե մեր երկիրը վտանգի մեջ է, բանակը պիտի ոտքի վրա լինի…». Գալուստ Սահակյան

Գլխավոր շտաբի հայտարարությունը պարզապես հայտարարություն էր։ Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանը:

Հարցին՝ արդյոք այդ հայտարարությունը ռազմական հեղաշրջման փո՞րձ էր, Սահակյանն ասաց՝ ոչ. «Ռազմական հեղաշրջման փորձ կլիներ, երբ բանակը քաղաքում կանգնած լիներ»։

Լրագրողի դիտարկմանը, երբ 2008 թվականին գործող պաշտոնյաները քննադատում էին իշխանությանը եւ աշխատանքից ազատվում էին, Սահակյանն արձագանքեց. «2008 թվականն այլ ժամանակաշրջան էր, հիմա այլ ժամանակաշրջան է։ Այսօր մենք հայրենիքն ենք տալիս, իսկ այն ժամանակ հայրենիքը տալու խնդիր չկար»։

Հարցին՝ արդյոք ԳՇ-ի արված հայտարարությունը քաղաքականությանը միջամտության փո՞րձ էր, Գալուստ Սահակյանն ասաց՝ ոչ. «Դա քաղաքականության հետ կապ չունեցող բան է։ Եթե մեր երկիրը վտանգի մեջ է, բանակը պիտի ոտքի վրա լինի»։

Հարցին՝ արդյոք բանակը երբեւէ իշխանության դեմ հանդես եկե՞լ է, Սահակյանն ասաց՝ չի եղել նման դեպք. «Սա նշանակում է, որ Հայաստանը պիտի մնա Հայաստան երկիր, ուրիշի ձեռքը պիտի չընկնի»։

Ճշտող հարցին՝ արդյոք նման վտանգ ինքը տեսնո՞ւմ է, Սահակյանն ասաց, որ տեսնում է։

Անդրադառնալով ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու շուրջ տեղի ունեցող գործընթացներին, ինչպես նաեւ նախագահի կողմից հրամանագրի նախագիծը չստորագրելուն՝ ասաց. «Նախագահը պետք է կարողանա ինքն իր աշխատանքը տնօրինել։ Չեմ կարծում, որ մեծ իմաստ պիտի ունենա քննադատելը։ Մեր խնդիրը մեկն է, մենք գնում ենք այդ խնդրի հետեւից»։

Անդրադառնալով ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, որ ինքն առաջարկել է Կարեն Կարապետյանը վարչապետի պաշտոնը ստանձնի, Սահակյանն ասաց, որ ինքը նույնպես ներկա է եղել. «Կարեն Կարապետյանը չցանակացավ դառնալ, որովհետեւ ժողովուրդը եւ քաղաքական ուժերը միացել էին այդ շարժմանը։ Ադրբեջանն էլ սկսել էր իր քայլերն անել, ամբողջ երկիրը խառնվելու էր իրար»։

Լրագրողի դիտարկմանը, որ մի շարք ՀՀԿ-ականներ 2018 թվականի իրադարձությունների ժամանակ քվեարկել են Նիկոլ Փաշինյանի օգտին եւ հարցին՝ արդյոք նրանց վրա ճնշում եղե՞լ է, Սահակյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ ճնշում եղավ։ Երբ մի կողմը մի քիչ ուժեղանում է, մարդիկ սկսում են տարբերակվել»։

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելուն՝ Սահակյանն ասաց. «Չեմ կարծում, որ արտահերթ ընտրություններ կլինեն։ Այն ուղին, ինչը մեր ստեղծած շարժումն առաջ է գնում. Վազգեն Մանուկյան, մեկ տարի։ Եթե այսպես կոչված՝ վարչապետը մասնակցի ընտրություններին, մենք ընտրությանը չենք մասնակցելու, որովհետեւ այն մարդը, որը հոշոտեց մեր ամբողջ հայրենիքը, նրա հետ ճանապարհով քայլել չարժե։

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ
  •   
  •