Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ:
ԳԴՀ կանցլերի նստավայրում տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողություն. բարձրացված են եղել ԳԴՀ, ՀՀ և ԵՄ դրոշները, և կարմիր ուղեգորգի երկայնքով շարված են եղել Պատվո պահակախմբի զինվորները և Զինվորական նվագախումբը: Հայաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության պետական օրհներգերի կատարումից հետո ԳԴՀ կանցլերը ՀՀ վարչապետին հրավիրել է Պատվո պահակախմբի ստուգայցի:
Ձեռքսեղմումից և արարողակարգային լուսանկարահանումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը բանակցությունները շարունակել են աշխատանքային ճաշի շրջանակում:
ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը ողջունել և կարևորել է Հայաստանի վարչապետի պաշտոնական այցը Գերմանիա՝ վստահություն հայտնելով, որ այն նոր ազդակ կհաղորդի հայ-գերմանական բարեկամական համագործակցությանը: Անգելա Մերկելը նշել է, որ Գերմանիան շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների հետագա զարգացմամբ և պատրաստ է քննարկել երկկողմ կապերի ընդլայնման հեռանկարները:
Ողջունելով 2018 թ. խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացումը` ԳԴՀ կանցլերը նշել է, որ Գերմանիան ուշադրությամբ հետևում է Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին և պատրաստ է նպաստելու երկկողմ հարաբերությունների ավելի խորացմանը, աջակցել բարեփոխումներին տարբեր ոլորտներում: