«Անհարմար է ստացվում, երբ հզոր երկրներն ասում են՝ ձեզնից սովորելու շատ բան ունենք». Նիկոլ Փաշինյան

Գերմանիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Քյոլնում` Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի առաջնորդարանում հանդիպել է գերմանահայ համայնքի և տեղի համայնքային կառույցների ներկայացուցիչներին:

Վարչապետ Փաշինյանը, ողջունելով ներկաներին, մասնավորապես, նշել է.

«Հոգեշնորհ Հայր Սուրբ,
Գերմանահայ համայնքային կառույցների հարգարժան ներկայացուցիչներ,
Հարգելի հայրենակիցներ,

Ինձ համար մեծ պատիվ է այսօր գտնվել Հայ Առաքելական եկեղեցու Գերմանիայի թեմի Առաջնորդարանում։ Ըստ էության` կարող ենք ասել, որ Քյոլնը Գերմանիայի հայության մայրաքաղաքն է, և պատահական չէ, որ պաշտոնական այցը սկսում ենք այս քաղաքից:

Ինձ համար մեծ ուրախություն է այսօր նման հանդիպման հնարավարություն ունենալը, և ես ուզում եմ ընդգծել, թե ինչ հիմնական փոփոխություն է տեղի ունեցել Հայաստանում, Հայաստանի շուրջ և Հայաստանի ու աշխարհի հարաբերություններում:

Կարող եմ ասել հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը հայտնի փոփոխություներից հետո քաղաքակիրթ աշխարհի համար դարձել է առավել տեսանելի և առավել լսելի: Սա իսկապես իրողություն է. ինձ համար երբեմն մի փոքր անհարմար իրավիճակ է առաջանում, երբ աշխարհի տարբեր հզոր քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչները մեզ հետ քննարկումների և շփումների ընթացքում ուղիղ ասում են, որ մենք ձեզանից շատ բան ուեննք սովորելու: Սա, իհարկե, շատ տարօրինակ արտահայտություն է, և ճիշտն ասած, ես երբեմն չգիտեմ` ինձ ինչպես պահել, որովհետև իրավիճակն անհարմար է:

Բայց մեծ հաշվով երբ մեկ, երկու, երեք, չորս այդպիսի արտահայտությունները կրկնվում են, կարծում եմ, որ մենք չպետք է տատանվենք արձանագրել. այո՛, մենք բազմաթիվ ոլորտներում ունենք պրոբլեմներ, բայց կա մի ոլորտ, որում մենք իսկապես այսօր աշխարհում համարվում ենք առաջատար երկիր. դա բռնությունից զերծ հասարակություն կերտելու և առանց բռնության փոփոխությունների հասնելու ոլորտն է, որտեղ կարող ենք ասել, որ աշխարհում, այո՛, առաջատար նշանակություն ունեցող երկիր ենք:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ