«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նոր ծրագիր է սկսում

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը» նվիրաբերություններ ստանալու համար մի քանի ուղղություններով ամենօրյա աշխատանք է կատարում:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» տնօրեն Վարուժան Ավետիքյանը նշեց, որ գործող ծրագրերից է «Մեկը երկուս դարձնենք»-ը, որի շրջանակում գործատուն հնարավորություն է ունենում բազմապատկել իր աշխատակիցների կողմից պարտադիր վճար հանդիսացող ամսական գումարը:

«Պատերազմի օրերին բազմաթիվ գործատուներ միացան այս նախաձեռնությանը, սակայն ասեմ, որ պարտադիր վճարների բարձրացումը բացասաբար ազդեց Հայաստանից գործատուների նվիրաբերությունների հոսքի վրա: Շատերը մտածում են, թե բարձրացված գումարները տալիս են, էլ ինչ նվիրաբերություն»,- ասաց Վարուժան Ավետիքյանը:

Հաջորդ ծրագիրը 25 հազար դրամի կամ 50 ԱՄՆ դոլարի, եվրոյի չափով մարտահրավերն է: Հիմնադրամը նպատակ ունի գտնել 1 մլն մարդու, որոնք կխոստանան, որ ամեն ամիս կնվիրաբերեն 25 հազար դրամ կամ 50 ԱՄՆ դոլար, եվրո: Այս ծրագրով արդեն 1000-ից ավելի մարդ միացել է: Մյուս ծրագիրը 1 մլն դրամի մարտահրավերն է, երբ ընկերությունը խոստանում է, որ առաջիկա երեք տարվա ընթացքում յուրաքանչյուր տարի կնվիրաբերի 1 մլն դրամ:

«Մեր հիմնական թիրախը, կարծում եմ, պետք է լինի Սփյուռքը, ինչու, որովհետև արդեն իսկ Հայաստանում եկամուտ ստացողների համար գումարները բազմապատկվել են: Որոշ դեպքերում նույնիսկ 15-ապատիկ են դարձել: Օրինակ, մեկ միլիոն և ավելի աշխատավարձ ստացողը նախկինում հազար դրամ էր վճարում, այժմ պետք է վճարի 15 հազար դրամ: Ինչպես նշեցի, մեր թիրախը Սփյուռքն է լինելու, որպեսզի ոգևորենք և մեր հայրենակիցներն ակտիվ մասնակցեն նվիրաբերություններին»,- ասաց Վարուժան Ավետիքյանը՝ հավելելով, որ Սփյուռքի տարբեր համայնքների հետ աշխատանք տարվում է:

Հիմնադրամը նախատեսում է սկսել նոր ծրագիր: Նվիրատուներից մեկը խոստացել է տրամադրել 100 հազար ԱՄՆ դոլար այն դեպքում, եթե հիմնադրամը Սփյուռքում բնակվող 100 հայրենակիցներից ընդհանուր հավաքի 500 հազար դոլար:

«Մենք հիմա ցուցակագրում ենք միջազգային մասնավոր կազմակերպություններում աշխատող այն մեր հայրենակիցներին, որոնք ունեն նվիրաբերությունը բազմապատկելու հնարավորություններ: Եթե կես միլիոն դոլար հավաքենք, ապա մեր նվիրատուն 100 հազար դոլար կավելացնի»,-հավելեց Վարուժան Ավետիքյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ